Կարեն Կարապետյանը գազալցակայանների կողմից մատուցվող ծառայությունների որակը գնահատում է խիստ անբավարար
POLITICSՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը և մատուցվող ծառայությունների որակը գնահատում է խիստ անբավարար: «Միայն վերջին շրջանում գրանցվել են գազալցակայաններում և գազաբալոնների պայթելու մի շարք դեպքեր, ինչը հատկապես պայմանավորված է դրանց նկատմամբ թերի վերահսկողությամբ: Խիստ մտահոգիչ է նաև, որ մինչ օրս առկա չէ գազալցակայաններում տրամադրվող մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտելու դեպքերի կանխարգելման գործուն համակարգ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ Կարեն Կարապետյանը ՀՀ արտակարգ իրավիճակների և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում համատեղ ամփոփելով նշված ոլորտում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները և Կառավարության աշխատակազմ ներկայացնել համապարփակ առաջարկություններ առկա խնդիրների լուծման վերաբերյալ։



