Թուրքիայի քեմալական կուսակցությունը հանրաքվեի արդյունքների հարցով առաջիկա օրերին կդիմի ՄԻԵԴ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտնել է, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքները բողոքարկելու նպատակով առաջիկա օրերին դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Քըլըչդարօղլուն նշել է, որ հանրաքվեի արդյունքում հաղթել է «ոչ»-ը, և դա հայտնի է ողջ աշխարհին: Նա կրկին հայտարարել է, որ բարձրագույն ընտրական հանձնաժողովի հայտարարած արդյունքներն անօրինական են:
Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները բողոքարկել էին հանրաքվեի արդյունքները` հաշվի առնելով այն, որ ընտրական հանձնաժողովը որոշել էր վերջին պահին վավեր ճանաչել նաև անկնիք քվեները:Բարձրագույն ընտրական հանձնաժողովը, սակայն, մերժել էր բողոքարկումը:



