«Հայրս թաքուն բացել էր դագաղն ու տեսել Քյարամին էդ վիճակում». հրաժեշտ տվեցին հերոսի հորը
SOCIETYԱպրիլյան պատերազմի հերոս, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը, որդու կորստյան վշտից մահացավ։ Սա միաբերան պնդում էին Քյալաշ Սլոյանի հուղարավորությանը մասնակցող հարազատներն ու համագյուղացիները։ Նա որդուն կորցնելուց հետու երկու անգամ սրտի կաթված է ստացել, պարբերաբար բուժում է ստացել հիվանդանոցում, սակայն անօգուտ։
Առողջական վիճակը վերջնականապես վատթարացել է Քյարամի ծննդյան օրը՝ ապրիլի 27–ին։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ երկու օր անց մահացել է։ Քյալաշ Սլոյանի համագյուղացի Միկիտան Հովսեփյան NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ Քյալաշ Սլոյանի կյանքն իմաստազրկվել էր որդուց հետո եւ միակ ցանկությունը որդու մոտ հասնելն էր։
«Տղայից հետո սկսեց վատանալ, չէր սնվում, հյուծվում էր, ապրուստն էլ կար, ամեն ինչն էլ կար։ Որ գնաց զորամաս ու վերադարձավ զորամասից ավելի ծանրացավ։ Տղայից հետո երկու անգամ կաթված է ստացել, շատ շատ տանջվեց կարելի է ասել՝ ինքն իրան տարավ ինքնասպանության, որ հասներ տղային։ Մի շաբաթ առաջ տեսա, ամոթանք տվեցի, ասեցի՝ ես էլ քեզ նման զավակ եմ կորցրել, իմ կինը չդիմացավ, բայց ես համբրում եմ, դու ինչի չես համբերում, բայց ասեց՝ ես պիտի գնամ իմ տղի մոտ ու տենց էլ արավ»։
Քյարամի եղբայր Համիկ Սլոյանն էլ նշեց, թե հայրը հոգեպես ավելի ծանր վիճակում է հայտնվել, երբ որդու դին տեսել է գլխատված վիճակում։
«Ախպորս դեպքից հետո առողջությունը հետ էր գնում... Հայրս թաքուն բացել էր դագաղն ու տեսել Քյարամին էդ վիճակում, ինչից հետո հայտնվել էր ծանր վիճակի մեջ։ Ինքը նպատակ ուներ՝ գնար հասներ Քյարամին ու հենց ծնունդի օրն էլ վատացավ, տարանք հիվանդանոց, երկու օր հետո մահացավ.... Մեր աչքին էլ ոչինչ չի երեւում մի տարի ոչ նորմալ ժպիտ, ոչ ուրախություն»։
Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանը զոհվել էր ապրիլյան պատերազմում, նրան ադրբեջանցի զինվորները սպանել եւ գլխատել էին, ապա «հաղթական ավարով» լուսանկարվել։ա



