Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ 10 հայկական ստարտափ մասնակցել է Իսպանիայի «Սթարթափ Օլե» կոնֆերանսին
SOCIETYՏասը հայաստանյան սկսնակ ընկերություն մասնակցեց Իսպանիայի Սալամանկա քաղաքում ապրիլի 26-27-ը կայացած Startup Olé կոնֆերանսին: Նրանց մասնակցությունը հնարավոր է դարձել «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ համագործակցության, ինչպես նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Աակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի աջակցության շնորհիվ: Արդեն երրորդ տարին անցկացվող Startup Olé կոնֆերանսի այս տարվա համակազմակերպիչներից մեկը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն էր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամից:
Startup Olé երկօրյա տեխնոլոգիական և ձեռնարկատիրական ուղղվածության միջոցառման ընթացքում հայկական ընկերությունները կապեր ստեղծեցին սթարթափ ընկերությունների հետ: Նրանք նաև ձևավորեցին փոխշահավետ գործընկերություն նոր գործընկերների և սերիական արտադրություն իրականացնող ձեռնարկատերերի միջև, որոնք կարող են հանդես գալ իբրև մենթոր և բիզնես խորհրդատու՝ օգնելով վերջիններին ընդլայնել իրենց գործունեությունը: Այդպիսով` միջոցառմանը մասնակցող հայաստանյան սթարթափ ընկերություններին բացառիկ հնարավորություն ընձեռվեց ներգրավվել եվրոպական թարթափ էկոհամակարգում:
Կոնֆերանսի շրջանակներում հայկական ընկերություններին հնարավորություն ընձեռնվեց նաև մասնակցել ծրագրերի մրցույթ-շնորհանդեսներին, ինչպես նաև խոշոր ընկերությունների և ներդրողների հետ համագործակցության հաստատմանը նվիրված միջոցառմանը։



