Երիտասարդացել է այն հիվանդների տարիքը, որոնց անում ենք միջողային աճառի ճողվածքի վիրահատություն. մասնագետ
SOCIETYԱպրիլի 29-ին Աղվերանում մեկնարկել է «Ցավը՝ ժամանակակից բժշկության հիմնահարց» խորագիրը կրող գիտաժողով, որը կազմակերպել է «Երիտաարդ բժիշկների ասոցիացիա» ՀԿ-ն:
Գիտաժողովի շրջանակներում տարբեր ոլորտի բժիշկներ՝ նյարդաբաններ, հոգեբաններ, ուրոլոգներ, գինեկոլոգներ,ուռուցքաբաններ, սեքսապաթոլոգներ, ճառագայթաբաններ և այլ մասնագետներ իրենց մասնագիտական տեսանկյունից վերլուծում էին «ցավ» հասկացությունը:
Ըստ «Նաիրի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարային վիրաբուժության կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Արման Հակոբյանի՝ այսպիսի միջոցառումները կարևոր են նրանով, որ մասնակցություն են ունենում տարբեր ոլորտի բժիշկներ: Արման Հակոբյանը կարևորեց նաև այն, որ գիտաժողովը կազմակերպել են երիտասարդներ, բայց կայացած բժիշկներ Նրա խոսքով՝ այսօր բոլորը չունեն արտասահմանյան կոնֆերանսներին մասնակցելու հնարավորություն, այնպես որ մեր երկրում կազմակերպված ցանկացած գիտաժողով ունի մեծ արժեք:
Խոսելով ցավերի հատկանիշներից՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարային վիրաբուժության կենտրոնի ղեկավարը նշեց. «Ողնաշարային հիվանդություններով տառապում է ամեն չորրորդ մեծահասակ:
Դա լինում է տարբեր արտահայտումներով: Լինում են ցավեր, որոնք պահանջում են վիրահատական միջամտություն: Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ, որոնց մոտ ախտորոշվում են նման հիվանդություններ, ժամանակին դիմեն մասնագետին»:
Բժշկի խոսքով՝ երբեմն հիվանդները զբաղվում են ինքնաբուժությամբ կամ ոչ ճիշտ մեթոդների են դիմում: Արման Հակոբյանը հայտնեց, որ միջողային աճառի ճողվածքի վիրահատությունը դարձել է շատ կարճ՝ մոտ 40 րոպե: «Դա պետք է իմանա մեր հասարակությունը, չվախենա դիմելուց: Վիրահատությունը ռադիկալ մեթոդ է՝ ի տարբերություն դեղորայքային բուժման»,-հավելեց մեր զրուցակիցը: Բժիշկը նշեց, որ այսօր երիտասարդացել է այն հիվանդների տարիքը, որոնց անում են միջողային աճառի ճողվածքի վիրահատություն: «Հուսով եմ՝ մարդիկ չեն վախենա վիրահատությունից»,-եզրափակեց մասնագետը:
Լևոն Փանոսյան



