Մեր երկրում պարարվեստն անուշադրության է մատնված. Իռեն Ուլիխանովան` Պարի միջազգային օրվա մասին
LIFELife.panorama.am-ը գրում է
Այսօր` ապրիլի 29-ին, աշխարհը նշում է Պարի միջազգային օրը: Տոնական օրվա կապակցությամբ Life.panorama.am-ը զրուցել է Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու թատրոնի» մենապարուհի Իռեն Ուլիխանովայի հետ, ով ոչ միայն իր շնորհավորանքներն է հղել գործընկերներին, այլեւ խոսել է Հայաստանում պարարվեստի ասպարեզում առկա բացթողումների մասին:
«Նախ շնորհավորում եմ իմ բոլոր կոլեգաներին, պարուսույցներին, սաներին եւ պարի սիրահարներին` մաղթելով նոր եւ գեղեցիկ բեմադրություններ, մեծ համերգներ ու նորանոր բարձրունքներ, ցանկանում եմ, որպեսզի լինենք գնահատված: Բոլորին մաղթում եմ մտքի վառ թռիչք ու այն ցուցադրելու հնարավորություն ոչ միայն մեր երկրում, այլեւ աշխարհում»,- նշեց Իռենը` հավելելով, որ տոնական օրն աշխատանքային է անցնելու.
«Չեմ կարծում, որ այսօր կնշենք այս տոնը, քանի որ բոլորս էլ զբաղված ենք աշխատանքներով, ցավոք, նաեւ պետությունը չի անդրադառնում այս տոնին: Հիշում եմ, տարիներ առաջ Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու թատրոնը» մեծ համերգ ունեցավ` նվիրված Պարի միջազգային տոնին, իսկ այս տարի կսահմանափակվենք միմյանց շնորհավորելով»,- մանրամասնեց պարուհին:
Հարցին, թե Հայաստանում պարարվեստի բնագավառում ի՞նչն է պակասում, մեր զրուցակիցը շեշտեց.
«Համապատասխան ուշադրությունը պետության կողմից, առողջ մրցակցությունը, որը հանգեցնում է մեծ նախագծերի եւ համերգների ստեղծմանը, փառատոնները, մրցանակաբաշխությունները, համերգները` այս ամենը խիստ պակասում է: Այսօր փորձում են մեր ազգային պարերը պահպանել ու խրախուսել, ինչ-որ չափով այդ առումով կա նաեւ Մշակույթի նախարարության աջակցությունը, բայց միեւնույն է, ցուցաբերվող ուշադրությունը շատ քիչ է, մեր երկրում պարարվեստն անուշադրության է մատնված: Ցանկալի կլիներ, որպեսզ հնարավություններ ստեղծվեին արտերկրից մասնագետների հրավիրելու, ինչու ոչ` մեր մասնագետներն, խմբերին արտերկիր ուղարկել վերապատրաստվելու, ինչն այսօր արվում է խմբերի ղեկավարությունների հնարավորության սահմաններում միայն, որն էլ շատ քիչ է: Շատ կցանկանայի, որ պարարվեստը մեր երկրում զարգացում ապրեր համապատասխան ուշադրության շնորհիվ»:
Զրույցի վերջում Իռեն Ուլիխանովան խոսեց իր կյանքում պարի կարեւորության մասին.
«Պարը ես եմ, պարն ինձ համար ամեն ինչ է, մենք միշտ անբաժան ենք: Եթե եւս մեկ անգամ ծնվեի, կրկին այս մասնագիտությունը կընտրեի, միայն թե այս կյանքում պարով ուշ եմ սկսել զբաղվել` 15 տարեկանից, հաջորդ կյանքում ավելի շուտ այս արվեստ մուտք կգործեմ»,- ավարտեց Իռեն Ուլիխանովան:
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...



