Տարոն Մարգարյանը հատուկ շեշտադրմամբ անդրադարձավ պատմամշակութային շենքերի հարցին
SOCIETYԵրևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր հանդիպեց Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ:
Ավագանու թեկնածու Գրիգոր Մինասյանը հանդես գալով ողջույնի խոսքով և շնորհակալություն հայտնելով հավաքվածներին, խոսեց մինչ օրս գործող քաղաքապետի կողմից կյանքի կոչված ծրագրերից ու բարեկարգումներից.

«Երևանն իրոք բարեկարգվել է ու չնկատել դա ուղղակի անհնար է: Վերակառուցվել են դպրոցներ, մանկապարտեզներ, այգիներ ու պուրակներ: Բարեկարգումների ու նախատեսված ծրագրերի մասին կարելի է խոսել շատ երկար: Վերջին չորս տարիների ընթացքում Երևանում ու հանրային վայրերում ստեղծվեցին նաև հատուկ կայանատեղեր»,-ասաց նա:
Խոսելով նաև Տարոն Մարգարյանի կողմից այս տարիների ընթացքում որդեգրած հիմնական սկզբունքների մասին Գ. Մինասյանն ընդգծեց կարեւոր մի հարց, այն է՝ Երեւանն հաշմանդամների համար էլ ավելի հարմարավետ դարձնելը:

Ավագանու թեկնածուի խոսքից հետո ելույթ ունեցավ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով խոսելով «Ավելի լավ Երեւան» ծրագրից նշեց. «Այս տարիների ընթացքում մեր թիմն օր ու գիշեր աշխատելով, լսելով մեր քաղաքացիների դարդն ու ցավը, նրանց կողմից բարձրացված հարցերն ու առաջարկությունները, փորձել ենք մասամբ իրականություն դարձնել դրանք:
Համեմատական անցկացնելով կարող եմ ասել, որ այսօրվա Երեւանը շատ ավելի լավն է»,-ասաց նա անցում կատարելով նախընտրական ծրագրին ու անելիքներին. «Կենտրոնը Երեւան քաղաքի սիրտն է: Բոլորս էլ տեսնում ենք, որ Կենտրոն վարչական շրջանում անելիքներ կան, բեռնաթափման խնդիր կա:Նշեմ, որ մեր զարգացման ծրագրում մենք նախատեսել ենք ստորգետնյա ավտոկայանատեղեր: Ինչ վերաբերում է շրջանցիկ ճանապարհներին, ապա մինչ օրս կառուցել ենք այդպիսի ճանապարհներ ու դրանք լինելու են շարունակական:

Մեր կողմից կառուցվելու են ճանապարհներ, որոնք բեռնաթափելու են մեր քաղաքի կենտրոնը: Մենք հստակ գիտենք մեր անելիքները»,-ասաց նա հատուկ շեշտադրմամբ անդրադառնալով պատմամշակութային շենքերին: Գործող քաղաքապետը վստահեցրեց, որ «Հին Երեւանը» վերականգնվելու է ու հասնելու է ավարտական փուլի՝ հանուն Երևանի զարգացման:



