Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Գազանի նման խփում էր, ղասաբը…». փեսան կացնահարել է նախկին կնոջը, աներոջը, սպանել է զոքանչին

SOCIETY

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվեց Վլադիկ Մարտիրոսյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հուլիսի 8-ին Շենգավիթ վարչական շրջանում՝ Տարոնցի 7 հասցեի շենքի բակում Վլադիկ Մարտիրոսյանը իր մանկահասակ՝ 2015 թվականի հոկտեմբերին ծնված որդուն տեսակցելու հարցի շուրջ հերթական անգամ վիճաբանել է նախկին կնոջ ու նրա ծնողների հետ:

Ապա նրանցից վրեժխնդիր լինելու շարժառիթով Վլադիկ Մարտիրոսյանն իր հետ նախապես վերցրած կացնով դարանակալել է հիշյալ շենքի շքամուտքում:

Նույն օրը, երբ Թագուհին ու Կարինեն ուշ գիշերով մտել են շքամուտք ու շարժվել են դեպի առաջին հարկում գտնվող իրենց բնակարանը, հետևից նրանց վրա է հարձակվել դարանակալած Վլադիկը՝ կացինը ձեռքին:

1-ին բնակարանի դիմաց՝ աստիճանահարթակին, 30-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը նախ կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին կնոջ՝ 38-ամյա Թագուհու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ծանր վնասվածքներ:

Ապա նույն կացնով Վլադիկը բազմաթիվ հարվածներ է հասցրել դեպի երկրորդ հարկ տանող աստիճաններին կանգնած նախկին զոքանչի՝ 58-ամյա Կարինեի գլխին ու մարմնի տարբեր մասերին, պատճառել է կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և սպանել է նրան:

Այնուհետև Վլադիկը նույն կացնով կյանքից զրկելու՝ հանկարծակի ծագած դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել դստեր գոռոցների վրա տանից դուրս եկած աներոջ՝ Վաչագանի գլխին, ուսին, ձեռքերին՝ պատճառելով ծանր վնասվածքներ, բայց, ըստ մեղադրանքի, իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ Վլադիկն ավարտին չի հասցրել նախկին աներոջը սպանելու հանցավոր դիտավորությունը, քանի որ աղմուկի վրա դուրս է եկել հարևանը, գործուն միջոցներ է ձեռնարկել հանցավոր գործողությունները դադարեցնելու համար՝ նա հետևից փաթաթվել է Վլադիկ Մարտիրոսյանին ու հեռացրել է տուժողներից:

Ըստ մեղադրանքի՝ այս ծանր հանցագործությունից ավելի վաղ՝ 2016 թվականի հունիսի 3-ին, առավոտյան ժամը 10-ն անց 30-ին ԴԱՀԿ ծառայության վարչական շենքում իր երեխային տեսակցելու հարցի շուրջ Վլադիկ Մարտիրոսյանը վիճել է նախկին կնոջ՝ Թագուհու հետ, այդ ընթացքում սպառնացել է, թե կսպանի, կվերացնի նրան, իսկ երեխան 2 տարեկանը չի բոլորի: Թագուհին նախկին ամուսնու կողմից այդ սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է զգացել:

Վլադիկ Մարտիրոսյանին այս գործով մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության, սպանության փորձի ու սպանության սպառնալիքներ տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104 հոդվածի 1-ին և 137 հոդվածի 1-ին մասերով:

Մինչև կացնահարությունը՝ մոտ երկու տարի, Վլադիկ Մարտիրոսյանն իր նախկին կնոջ ու նրա ծնողների հետ բավական լարված հարաբերությունների մեջ է եղել, նրանց վեճուկռիվների վերաբերյալ քննվել են քրեական գործեր, կայացվել են մի շարք դատական ակտեր, քննվել է նաև քաղաքացիական գործ:

Դատարանը հարցաքննեց տուժող, տուժողի իրավահաջորդ Վաչագան Մանսուրյանին:

Վերջինս, նախագահողի բնութագրմամբ՝ «պատմական էքսկուրս» կատարեց՝ վերհիշեց իր դստեր ու Վլադիկի ամուսնության ամենասկզբից Վլադիկի դրսևորած վարքագիծը՝ նրա «բնութագիրը» տալու համար:

Վաչագան Մանսուրյանը նշեց, որ Վլադիկը Թագուհու ձեռքը խնդրելու համար իրենց տուն է եկել հորեղբոր տղայի հետ: Ինքը նրան հարցրել է. «Աղջիկս տարիքով մեծ է, համաձա՞յն ես նրա հետ ամուսնանալ»: Վլադիկն ասել է՝ այո: Վաչագանը զգուշացրել է. «Դու տղամարդ ես, իրավունք չունես կնոջդ վրա երբևէ ձեռք բարձրացնել, գիտե՞ս»: Վլադիկն ասել է՝ այո: «Նա տղամարդավարի ձեռքս սեղմեց, բայց ահա թե ինչ արեց…»:

Այնուհետև Վաչագան Մանսուրյանն ընկավ ընտանեկան անախորժությունների ու կենցաղային հարցերի այնպիսի մանրամասների վերհուշի գիրկը, որ նախագահողը մի քանի անգամ ընդհատեց նրան և զգուշացրեց, որ ցուցմունք տա ըստ էության՝ առաջադրված մեղադրանքի շրջանակներում՝ մանրամասն կանգ առնելով կացնահարության օրվա իրադարձությունների վրա:

Բայց տուժող Վաչագանն անդրդվելի կերպով շարունակում էր ներկայացնել անհարկի մանրամասներ, մասնավորապես՝ «Կինս զայրացավ Վլադիկի վրա ու ասաց՝ դու որտեղի՞ց հայտնվեցիր, իսկ Վլադիկը տարավ-բերեց ու ասաց՝ մորս …-ին բան չասեք…»:

Վաչագան Մանսուրյանը «պատմական էքսկուրսի» ընթացքում վերհիշեց հոգեբան Մ. Մեհրաբյանին՝ նշելով, թե նա՛ «հոգեբանորեն հանցագործ դարձրեց Վլադիկին»: Ապա նկատեց, որ Վլադիկի հայրն ու մայրն էլ են մեղավոր, որ այսպիսի որդի ունեն:

Վաչագանը շեշտեց, որ ինքը բարոյագիտություն է դասավանդել, օրենքներն էլ գիտի և պնդում է, որ պիտի «հետևանքներն ու պատճառները բացահայտվեն, նոր ամբաստանյալը դատվի»:

Վաչագան Մանսուրյանը պահանջեց. «Թող Վլադը ներկայացնի իրա 3-րդ կարգի թուղթը, նա էդպիսի թուղթ չունի…»:

Տուժողը նախագահողի դիտողություններին ուշադրություն չդարձնելով՝ շարունակում էր ընտանեկան մանրամասներով «հագեցնել» դատական նիստը, նա ասաց. «Ոչ ոք իմ բերանը չի կարա փակի, բա ինչի՞ եմ բերել էսքան փաստաթղթերը…»:

Տուժողի «պատմական էքսկուրսը» դադարեցնելու նպատակով նախագահողը երկու անգամ ընդմիջում հայտարարեց, տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Ինեսա Պետրոսյանին խնդրեց բացատրել իր վստահորդին, թե ինչի վերաբերյալ պետք է ցուցմունք տա:

Ի վերջո, տուժողը հասավ բուն դեպքի օրվան:

Նախորդ օրը դստեր՝ Թագուհու ծննդյան օրն էր: Հայրը դստերն ու թոռանը ուղարկել է մեկ օրով հանգստանալու, ծնունդը նշելու: Երբ նրանք տուն են եկել, Թագուհուն զանգել են հաճախորդներ ու հրավիրել են նորահարսի մատնահարդարում և դիմահարդարում կատարելու: Նման աշխատանքներ Թագուհին կատարում էր հաճախորդի տանը, երբեմն աշխատանքը վերջացնում էր ուշ ժամի:

Այդ օրն էլ նա տուն է վերադարձել գիշերվա ժամը 1-ի սահմաններում:

Ինչպես հաճախ էր լինում, այդ ուշ ժամին Վլադիկը Թագուհուն սպասել է շենքի մոտ. «Նա ուզում էր իմ աղջկան վարկաբեկի, որ երեխայից զրկի»:

Մինչև Թագուհու՝ տուն գալը, Վաչագանն ու կինը տնից նայել ու տեսել են, որ Վլադիկն իրենց բակում կանգնած սպասում է: Կինը՝ Կարինեն, զանգել է ոստիկանություն, ասել է, թե նախկին փեսան կանգնած է բակում, սպասում է, որ Թագուհին գա, հնարավոր է՝ հարձակվի Թագուհու վրա: Բայց ոստիկաններն ասել են՝ եթե մարդը կանգնած է բակում ու ոչ մի գործողություն չի կատարում, մենք գանք՝ ի՞նչ անենք:

Վաչագանը նշեց, որ երբ Թագուհին եկել է, Վլադիկը, իրոք, հարձակվել է նրա վրա, խփել է: «Ես էլ աղջկաս պաշտպանելու համար գնացի ու ձեռնափայտովս հարվածեցի նրան… Վլադը զանգեց ոստիկանություն, շտապօգնություն, ասեց՝ հասեք, երեքով ինձ ծեծում են… Ոստիկանները եկան, կնոջս ու աղջկաս էդ ուշ ժամին տարան ոստիկանություն… Ես մնացի տանը՝ երեխայի մոտ… Շտապօգնության մեքենայի մեջ Վլադին զննեցին, մեջքը, մարմինը նայեցին… Ոստիկաններն ուզում էին նրան էլ ոստիկանություն տանել, բայց նա չգնաց, ասեց՝ հոգնած եմ, վաղը կգամ… Ոստիկաններն ու շտապօգնությունը հեռացան, նա էլ իր մեքենան նստեց ու գնաց… Գիշերվա ժամը 4-ի սահմաններում զանգեցի կնոջս, հարցրի՝ շա՞տ կուշանան, նա ասեց՝ ոստիկանները մեզ տուն են բերում… Երբ հասել են մեր տան մոտ, ըստ աղջկաս պատմածի, կինս ոստիկաններին ասել է՝ տեսեք, Վլադը կարող է էստեղ լինել ու նորից հարձակվել մեզ վրա: Ոստիկաններն էլ, ըստ աղջկաս ասածի, մեքենայի միջից նայել են, ասել են՝ մարդ չկա, գնացեք, և կնոջս ու աղջկաս իջեցրել են մեքենայից… Ես էդ ժամանակ երեխային քնեցրել էի, բանալին հանել էի փականի միջից, որ աղջիկս գա, իր բանալիով դուռը բացի… Նստած էի բազկաթոռին, ես աղջկաս ու կնոջս գալը չեմ տեսել, բայց հանկարծ մուտքում աղմուկ լսեցի, աղջկաս գոռոցը՝ օգնեցեք, օգնեցեք… Մտածեցի՝ Վլադիկը հարձակվել, ձեռքերով խփում է նրանց… Ձեռնափայտս վերցրի, հասա մուտքի դռան մոտ, բանալին մտցրի փականի մեջ, դուռը բացեցի ու դուրս եկա աստիճանահարթակ… Տեսա՝ Վլադը կացնով հարվածում է կնոջս, կինս ընկած էր՝ ոտքերը՝ աստիճանահարթակին, գլուխը՝ աստիճանների վրա… Նա ձայն չէր հանում, չէր շարժվում… Աղջիկս էլ էր ընկած աստիճանահարթակին՝ արնաշաղախ… Ես հասկացա, որ կինս էլ չկա, բայց աղջիկս գոռում էր՝ մամա, մամա ջան… Աղջկաս փրկելու համար ձեռնափայտով հարվածեցի Վլադի գլխին, պայքարեցի, եթե չպայքարեի, նա աղջկաս էլ կսպաներ… Նա սկսեց կացնով խփել ինձ… Ձեռքով փորձում էի գլուխս պաշտպանել, ձեռքս, մատներս վնասվեցին, գլխիս մի ինը հարված հասցրեց… Սկզբում կանգնած էի, հետո միանգամից չոքեցի, ընկա ծնկներիս վրա… Էդպես չոքեչոք զգուշությամբ անցա աղջկաս վրայով, մտա տուն, որ զանգեմ ոստիկանություն…. Ես եմ ահազանգել ոստիկանություն՝ գիշերվա ժամը 4-ն անց 25 րոպեին… Իմ տուն մտնելու ժամանակ հարևանն արդեն մուտքի լույսը վառել էր ու դուռը բացել-դուրս էր եկել… Դա էլ խանգարեց Վլադին, նա ինձ չսպանեց… Զանգելուց հետո նորից դուրս եկա աստիճանահարթակ, տեսնեմ՝ երեխան քնած տեղից վեր է կացել, կանգնած է արնաշաղախ մոր կողքին ու գոռում է՝ մամա, մամա… Հարևանուհուն ասի՝ երեխային վերցրու, տեր էղի, ես աղջկաս տանեմ փրկեմ, գիտեի, որ կինս՝ Կարինեն, չկա… Սկոռին էկավ, աղջկաս տարա հիվանդանոց… Սկզբից մինչև վերջ իմ գիտակցությունը տեղն էր… Վլադը վեց ամիս իմ էս ձեռքերի հացն է կերել՝ ես եմ պահել նրան, ու տեսեք՝ էս ձեռքերն է վնասել՝ ճկույթս չկա, էս մի մատն էլ կախված էր… Ոստիկաններին ասի՝ է՞ս էիք ուզում… Վլադը պրոֆեսիոնալ ղասաբի նման էր կացնով մեզ խփում…»:

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ պետությունը, ի դեմս ոստիկանության, չի կատարել իր պոզիտիվ պարտականությունը, ոստիկանության անգործության պատճառով չի կանխվել մարդկանց կացնահարությունը, չէ՞ որ ժամեր առաջ այդ մարդիկ կատարել էին իրենց քաղաքացիական պարտքը, ահազանգել էին ոստիկանություն, բայց ոստիկանները նրանց էին տարել բաժին՝ ազատ թողնելով անընդհատ սպանության սպառնալիքներ տվող տղամարդուն… Ըստ Ի. Պետրոսյանի՝ խախտվել է Եվրոպական Կոնվեցիայի համապատասխան արձանագրությունը՝ մարդու կյանքի և առողջության իրավունքի պահպանման վերաբերյալ:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Լիանա Գասպարյանը հարցրեց տուժողին՝ ի՞նչ վիճակում էր կացնով հարվածներ հասցնող Վլադիկ Մարտիրոսյանը: Տուժող Վաչագան Մանսուրյանը պատասխանեց. «Նա արագ-արագ, գազանի նման հարվածում էր, լավ մսագործի վիճակում էր…»:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը որպես տուժողի դատաքննական ու նախաքննական ցուցմունքների միջև առկա հակասություն՝ մատնացույց արեց այն, որ նախաքննության ժամանակ տուժողն ասել էր, թե պատուհանից նայել ու տեսել է՝ ինչպես են կինն ու դուստրը իջել ոստիկանության մեքենայից ու մտել իրենց շքամուտք: Տուժողը դատարանում պնդեց, որ չի տեսել դա, միայն շքամուտքում բարձրացած աղմուկից, դստեր օգնության կանչերից է հասկացել, որ Վլադը նրանց վրա հարձակվել է, իսկ նախաքննական ցուցմունքը տալու պահին իրեն լավ չի զգացել, այդ մասը ճիշտ չի ասել…

Տուժողին հարցեր ուղղեց նաև ամբաստանյալը, տուժողը նրա հարցերի մասին ասաց. «Ճղճիմ հարցեր ես տալիս»:

Վաչագան Մանսուրյանն ասաց՝ եթե իմանայի, որ Վլադը կնոջս ու աղջկաս կացնով է հարվածում, ես տանից ոչ թե ձեռնափայտով դուրս կգայի, այլ՝ սուսերամարտիկի սուսեր ունեմ, սուսերով դուրս կգայի, կմտցնեի էս կողմից, էն կողմից կհանեի…»:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League