Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հիմնադրման 70-ամյակը
SOCIETYՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հիմնադրման 70-ամյակը:
«Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը 70 տարեկան է: Բոլորիս հայտնի ֆիզկուլտինստիտուտը մեր հանրապետության լավագույն ուսումնական հաստատություններից է, որը, ինչպես բազմիցս նշել եմ, իր հեղինակությամբ և դասավանդման առաջատար մեթոդներով եվրոպական կրթական հանրության լիիրավ անդամ է:
Հենց այս բուհում են կրթվել և շարունակում են իրենց ուսումնառությունը ստանալ ֆիզկուլտուրայի մեր ապագա մանկավարժները և բոլոր մարզաձևերի մարզիչները, մարզական լրագրողները, մարզական բնագավառի այլ մասնագետներ:
Ես ինքս այս բուհի ուսանողն ե մ եղել և բոլոր՝ հին ու նոր սերնդի ֆիզկուլտինստիտուտցիների անունից իմ երախտագիտության խոսքն եմ ուղղում բոլոր մանկավարժներին և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի անդամներին:
Հաջողություն եմ մաղթում բոլորին և ցանկանում հավատալ, որ անցնելու է ևս 70 տարի և մեզանից հետո եկող սերունդը նույնպես մեծ հպարտությամբ նշելու է մեր սիրելի բուհի 140-ամյակը, որտեղ շարունակելու են կրթվել հայկական մարզաշխարհի անվանի ներկայացուցիչները և սպորտի նվիրյալները»,-ասվում է շնորհավորական խոսքում:



