USAID–ն Ադրբեջանին ֆինանսական օգնություն չի տրամադրի. «Փաստ»
INTERNATIONAL NEWS«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգալիորեն կրճատել է զարգացման ծրագրերը, որոնք ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) իրականացնում էր հետխորհրդային տարածքում: Foreign Policy–ի հրապարակած փաստաթղթի համաձայն` 2018 թ. USAID–ի բյուջեն կազմել է 11,74 մլրդ դոլար, իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ–ն կտնտեսի 5,2 մլրդ դոլար կամ 30,8%:
Հնարավոր է` տնտեսված գումարներն ուղղվեն ԱՄՆ ազգային անվտանգության ծրագրերի իրականացմանը: Որոշ տեղեկությունների համաձայն` առաջիկայում USAID–ն կարող է ընդհանրապես լուծարվել և միանալ ԱՄՆ պետքարտուղարությանը:
Եվ այսպես, Թրամփի վարչակազմն առաջարկել է Հայաստանին տրամադրել 4 մլն դոլար` նախատեսված 17,6 մլն դոլարի փոխարեն: Այսինքն, Հայաստանի համար նախատեսվող օգնությունը կրճատվել է շուրջ 77%–ով: Վրաստանի համար նախատեսվող օգնությունը կրճատվել է 41,1%–ով` 47,5 մլն դոլարից հասնելով 28 մլնի:
Իսկ ահա մեր հարևան Ադրբեջանն ընդհանրապես կարող է զրկվել որևէ օգնությունից: Foreign Policy–ի հրապարակած փաստաթղթի համաձայն` նախկին խորհրդային չորս պետությունների` Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի ու Թուրքմենստանի համար USAID–ն այլևս ֆինանսական աջակցություն չի տրամադրի: Անցած տարի Ադրբեջանին ամերիկյան գործակալության միջոցով հատկացվել էր 7,7 մլն դոլար, Բելառուսին` 7,9, Ղազախստանին` 6,1, Թուրքմենստանին` 3,9 մլն դոլար:
Որքան էլ տարօրինակ հնչի, բայց ադրբեջանական իշխանական կայքերը USAID–ի կողմից ֆինանսավորման դադարեցումը բավականին մեծ ոգևորությամբ են ընդունել: Նրանց կարծիքով` Զարգացման գործակալությունն իրականում ֆինանսավորում էր ընդդիմադիրներին, ովքեր «ժողովրդավարություն էին խաղում»: Ու հիմա նրանց դեմքը կպատռվի, կզրկվեն հացից ու հանգիստ կնստեն իրենց տեղը: Եվ ժողովրդավարության ադրբեջանական տարբերակով զարգացող իրենց երկրին այլևս ոչինչ չի խոչընդոտի:
Ադրբեջանցիների այս կեցվածքն իրականում խիստ հիմնավոր և տրամաբանական է: Նույն ոգևորությամբ նրանք ընդունել էին ԵԱՀԿ–ի գրասենյակի փակումը Բաքվում: Թեև «ոգևորությամբ ընդունել» ասածը մի փոքր ճիշտ չէ, քանի որ հենց իրենք էին պահանջել դադարեցնել այդ կառույցի գործունեությունն իրենց երկրում:
USAID–ի աշխատանքի հիմնական նպատակը ժողովրդավարական արժեքների ու ազատ շուկայական տնտեսության սկզբունքների քարոզումն է, զարգացող երկրների քաղաքացիների կենսամակարդակի բարելավումը: Ծրագրերն իրականացնելու նպատակով գործակալությունը հիմնականում դրամաշնորհներ է տրամադրում տարբեր ՀԿ–ների, իրավապաշտպանների ու ընդդիմադիրների:
Այս պարագայում բնական է, որ Ադրբեջանում, որտեղ զարգանում է միայն իրենց հատուկ «ժողովրդավարությունը», նման ինստիտուտների ներկայությունն անցանկալի է: Դրանք ոչ միայն ֆինանսավորում և աջակցում են իրական ժողովրդավարական կառույցների կայացմանը, այլև ունեն ազդեցություն բանեցնելու իրական լծակներ, որոնք հարկ եղած դեպքում գործի են դրվում:
Ուշագրավ է, որ Թրամփի այս որոշումը` կրճատել հետխորհրդային երկրներին տրամադրվող ֆինանսական օգնությունը, մեկ այլ քաղաքական եզրակացություն անելու առիթ էլ է տվել ադրբեջանցիներին: Ըստ այդմ, Թրամփը որոշել է հեռանալ հետխորհրդային տարածքից` «այդ տարածքը, ըստ ամենայնի, կճանաչվի որպես Ռուսաստանի ազդեցության գոտի` այդտեղից բխող բոլոր հետևանքներով…»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
			
			
			
			
			
				
			
			
			


