Llife.panorama.am-ը գրում է.
Մեկ րոպե լռությամբ այսօր «Մոսկվա» կինթատրոնում մեկնարկեց «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությունը:
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սյուժեն ներկայացնում է Առաջին Համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածը: Այն պատմում է մի հայ երիտասարդ բժշկի մասին, ով տեղափոխվում է Կոստանդնուպոլիս սովորելու: Այստեղ ապագա բժիշկը ծանոթանում է գեղեցկուհի նկարչուհի Աննային ու սիրահարվում:
«Կայսրությունները կործանվում են, սերն անմահ է». զույգի սիրո պատմությունն ուղեցկվում է Հայոց եղեռնի դաժան ու արյունալի իրադարձություններով: Միքայելը խոստանում է ապրել ու պատմել աշխարհին ճշմարտությունը:
«Մենք մեր վրեժը կլուծենք վերապրելով». ֆիլմի կարգախոսն է: Դաժան ու արյունալի ճանապարհն անցնելուց հետո հայերի մի մասին հաջողվում է փրկվել ու վերապրել՝ հենց այդպես վրեժ լուծելով ոճրագործներից:
Ֆիլմում ներկայացվում է նաև հայերի հերոսական դիմադրությունը Մուսա լեռում, ամերիկացիների և ֆրանսիաների օգնությունը հայ գաղթականներին և որբերին: Հոլիվուդյան ֆիլմում հնչում է հայկական հոգևոր երաժշտություն՝ «Հովեր» երգչախմբի կատարմամբ:
Հայաստանում «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունների իրավունքը պատկանում է «Շարմ Հոլդինգ» ընկերությանը, որը նաև իրականացրել է ֆիլմի հայերեն կրկնօրինակման պրյոդուսերական աշխատանքները: «Շարմ Հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը ֆիլմի ցուցադրումից առաջ նշեց, որ իրենք առաջնորդվել են «Հայերի մասին՝ հայերենով».
«Երբ Շարմ ընկերությունը ձեռք բերեց ֆիլմի ցուցադրության իրավունքը Հայաստանում, մենք շատ սեղմ ժամկետներում այն հայերեն կրկօրինակեցինք: Եվ դա հնարավոր եղավ Հանրային հեռուստաընկերության շնորհիվ: Ֆիլմում կա մի դրվագ, երբ ասում է. «Մեր ամենամեծ վրեժը կլինի վերապրելը»: Ես կարծում եմ, որ այսօր՝ Եղեռնից 102 տարի հետո, երբ մենք անկախ Հայաստանում հայերենով նայում եք այս ֆիլմը, դա ամենավառ հաստատումն է մեր վրեժխնդրության»:
Կրկնօրինակմանը մասնակցել են Խորեն Լեւոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Արմեն Մարգարյանը, Սամվել Թոփալյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Սիրանուշ Լազյանը, Կարինե Ջանջուղազյանը եւ այլք:
Ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն առաջադրվել էր Օսկարի՝ «Ռուանդա» ֆիլմի համար, գլխավոր դերերում են Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը եւ Շարլոտ լե Բոնը: Կինոյի երաժշտության հեղինակը աշխարհահռչակ “System of a down” խմբի մենակատար Սերժ Թանկյանն է:
«Խոստումը» Հայաստանում կսկսի ցուցադրվել ապրիլի 27-ից:



