Երեւանի քաղաքապետի տեղակալ, ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված Դավիթ Օհանյանն այսօր՝ ապրիլի 23-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրողներին հորդորել է մայիսի 14-ին ձայն տալ՝ «հանուն Երեւանի եւ սիրելի քաղաքապետ Տարոն Մարգարյանի»:
«Ընտրությունների գնալիս մենք ոչ մեկի ծրագրերը չենք քննադատել: Բայց հեծանիվ քշելով եւ բարձրախոսով բակերում գոռալով՝ ընտրություն չեն անում եւ քաղաք չեն կառավարում: Ես վստահ եմ, որ դուք համեմատություն անելով թեկնածուների միջեւ, ձեր ձայնը տալու եք հանուն Երեւանի եւ մեր սիրելի քաղաքապետ Տարոն Մարգարյանի»,- ասաց նա:
Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ Դավիթ Օհանյանն ըստ երեւույթին ակնարկում էր ավագանու ընտրություններին մասնակցող մյուս երկու թեկնածուներին՝ Զարուհի Փոստանջյանին եւ Նիկոլ Փաշինյանին: Հիշեցնենք, որ Փոստանջյանը նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում հեծանվաերթով, իսկ Փաշինյանն էլ քարոզարշավն իրականացնում է բակերում՝ բարձրախոսով հայտարարելով իրենց նախընտրական ծրագրերը:



