Պետք է վստահ լինենք, որ եթե պետությունը դիմի դատարաններ, Ցեղասպանության հատուցման հարցով վճիռը հայանպաստ կլինի. Ամատունի Վիրաբյան
SOCIETYTert.am-ը գրում է.
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ցեղասպանության ճանաչման գործընթացից պետական մակարդակով դեպի հատուցման գործընթաց անցնելուն, ասաց, որ պետք է վստահ լինենք, որ եթե պետությունը դիմի միջազգային դատարաններ, վճիռը հայանպաստ կլինի: «Պետք է միջազգային իրավաբանների խումբ ունենալ, որը հարյուր տոկոսով վստահ կլինի, թե ինչ վճիռ կկայացվի: Սա էմոցիոնալ չպետք է լինի, սա լուրջ տարիների աշխատանք պահանջող խնդիր է»,- ասաց նա:
Ամատունի Վիրաբյանը նշեց, որ այն, ինչ արվում է, անհատների մակարդակով ևս գործընթացը շարունակելու միջոց է, առավել ևս, որ այսօր մարդու իրավունքն առաջնային է և մեծ ուշադրություն կա դրա նկատմամբ: «Սակայն դա ևս պետք է կառավարելի լինի, իսկ մենք այդ ուղղությամբ քայլեր կատարում ենք: Պետք է միասնություն ձևավորվի, բայց մեզանից յուրաքանչյուրն իրեն ամենագիտունն է համարում, դրա համար միասնության դժվար ենք հասնում»,-ասաց նա և նշեց, որ պետությունը միշտ փորձեր անում է այդ ուղղությամբ, արել է և պետք է անի:
«Մենք մինչև Սփյուռքի հետ մեկ ուժ չլինենք, հաջողության չենք հասնի»,- ասաց նա:
Ազգային արխիվի տնօրենը նշեց, որ թեև այս տարիներին մարդկային կորուստները վերհանելու մեծ աշխատանք է կատարվել, սակայն հատուցման հարցը վերջին 10 տարիների ընթացքում ենք բարձրացրել: «Տարեցտարի այդ աշխատանքը ուժեղանում է, նոր թափ է ստանում և ավելի շատ կողմնակիցներ է իր շուրջը հավաքում: Պետք է աշխատանք կատարենք Թուրքիայի հատուցման ուղղությամբ, որ գոնե բարոյական առումով հատուցի»,-ասաց նա:



