ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիան շարունակվում է. 21 անձ բերման է ենթարկվել
POLITICSՈստիկանությունը բերման է ենթարկել սահմանադրական բարեփոխումների դեմ արտահայտվող քաղաքացիական նախաձեռնության ակցիայի 21 մասնակիցների: Ակցիայի մասնակիցները փորձում էին «Ոչ» գրությամբ պաստառը փակցնել Ազգային ժողովի ցանկապատի վրա, ինչը փորձել է արգելեÕ ¬ ոստիկանությունը:
Արդյունքում ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև հրմշտոց է սկսվել: Ոստկաններին ի վերջո հաջողվեց ցուցարարների ձեռքից վերցնել պաստառը:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին մոտեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով խնդրեց պարզաբանել, թե ինչու է ոստիկանությունն արգելում պաստառը փակցնել Ազգային ժողովի ցանկապատին: Վալերի Օսիպյանը պարզաբանեց, որ դրա համար ակցիայի մասնակիցները պետք է լիազոր մարմնից թույլտվություն բերեն, որ իրավունք ունեն Ազգային ժողովի ցանկապատին պաստառ փակցնել:
Ազգային ժողովի դիմաց այս պահին «Չենք անցկացնի» նախաձեռնության ակցիան շարունակվում է: Ակցիայի կազմակերպիչները հայտարարում են, որ մնալու են ԱԺ-ի դիմաց այնքան ժամանակ, մինչև կավարտվի սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու քվեարկությունը: Իրավիճակն այս պահին հանդարտվել է:



