Բենուա Ամոնը ցանկանում է զարգացնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունները
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածու Բենուա Ամոնը ցանկանում է առավել զարգացնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդեն իսկ առկա ամուր կապերը: Այս մասին Ամոնը հայտարարել է Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցում:
Նա կոչ է արել չմոռանալ երկու երկրները կապող պատմությունը` սկսած այն հանգամանքից, որ Կիլիկիայի հայկական թագավորության վերջին թագավորը հուղարկավորված է Ֆրանսիայի Սեն Դենիի տաճարում ֆրանսիացի թագավորների կողքին, մինչև 1915թվական, երբ ֆրանսիական նավն օգնության է հասել Կիլիկիայի հայերին: «Ես ցանկանում եմ ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները: Համոզված եմ, որ Ֆրանսիան պետք է Հայաստանի հետ ունենա առանձնաշնորհյալ հարաբերություններ: Դա նաև դրսևորվում է տնտեսական հարաբերություններում` Ֆրանսիան Հայաստանում առաջին եվրոպական ներ դրողն է, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցության մեջ, կրթության մեջ` Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ցանկանում է Փարիզում ևս բացել Թումո կենտրոն, դա կլինի երկու երկրների իրական բարեկամության խորհրդանիշ: Նմանատիպ ծրագրերով ցանկանում եմ ամրապնդել Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը»,- նշել է Ամոնը` հույս հայտնելով, որ 2018թ-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կդառնա համագործակցության ամրապնդման կամքի ևս մեկ առհավատչյա:
Անդրադառնալով Ֆրանսիայի հայ համայնքի խնդիրներին` սոցիալիստ թեկնածուն շեշտել է, որ այդ համայնքն ինտեգրացիայի օրինակելի դեպք է: «Հայկական ծագմամբ ֆրանսիացիները շատ բան են տվել Ֆրանսիային ամենատարբեր ոլորտներում: Նրանք ցույց են տվել նաև Ֆրանսիայի հանդեպ իրենց սերը: Այս առումով կցանկանայի նշել, որ մի քանի օրից հիշատակելու ենք նացիստ օկուպանտների կողմից Միսաք Մանուշյանի և իր 22 ընկերների մահապատժի 73-րդ տարելիցը»,- ընդգծել է Ամոնը` կրկին դատապարտելով վերջերս Մարսելում Մանուշյանի կիսանդրիի անարգման դեպքը:
Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի ապրիլի 23-ին: Եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների կեսից ավելին, ապա երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին: Ներկայումս ընտրարշավի առաջատար թեկնածուներն են Հանրապետականների կողմից առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնը, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնը և Կոմունիստական կուսակցության ու մի շարք այլ ձախ ուժերի աջակցությունը վայելող Ժան-Լյուկ Մելանշոնը:



