Հայաստանի եզդիական համայնքը տոնում է Նոր տարին՝ Տարեմուտի չորեքշաբթին
SOCIETYԱշխարհի տարբեր ծայրերում ապրող եզդիներն այսօր նշում են Նոր տարին: Այն տոնում են ապրիլի 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը: Տոնը կոչվում է Տարեմուտի չորեքշաբթի եւ կապվում է Մալակե Տաոսի ծննդյան հետ, ով Աստծո կողմից ուղարկված առաքյալ է: Ըստ ընդունված ավանդույթի՝ եզդիները Նոր տարին նշում են գերեզմանոցում՝ այցելելով իրենց հանգուցյալնե րի շիրիմներին եւ համախմբվելով տոնական սեղանի շուրջ: Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը, շնորհավորելով եզդիական համայնքին, նախեւառաջ մաղթեց խաղաղություն:
«Մենք աշխարհի հնագույն ժողովուրդներից ենք, ունենք մեր մշակույթը, ավանդույթները, բայց ցավալի է, որ պետականություն չունենք, չնայած Հայաստանի պետականությունը մերն ենք համարում: Սա նաեւ հրեշտակների տոն է: Մի քանի տոներ միացրել ենք իրար եւ նշում ենք: Մենք բավականին դժվարություններ ունենք եւ ունեցել ենք, դեռ դարեր առաջ մահմեդականները ֆիզիկապես վերացնում էին եզդիներին, ցանկանում եմ, որ վերջապես աշխարհում խաղաղություն լինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Տոնակատարությանը հրավիրված էին նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ պատգամավոր Գագիկ Մելիքյանը: ԱԺ փոխնախագահը լրագրողների հետ զրույցում կարեւորեց Հայաստանում բոլոր փոքրամասնությունների լիարժեք ինտեգրումը:
«Մեծ պատիվ է գտնվել այստեղ եւ կիսել մեր եզդի եղբայրների եւ քույրերի ուրախությունը, մանավանդ որ հայերն ու եզդիները դարեր շարունակ կողք կողքի են ապրել: Ես չէ, որ պետք է կարեւորեմ եզդիների ավանդն ու ներդրումը Հայաստանում թե Առաջին հանրապետության տարիներին, թե արցախյան ազատամարտի ժամանակ. տեսանք նաեւ, որ նախորդ տարվա ապրիլին եզդի ժողովուրդը մեզ հերոս տվեց: Անելու ենք ամեն ինչ, որպեսզի այսօր ուրախացնենք մեր քույրերին եւ եղբայրներին»,-նշեց նա:



