Մանրամասներ՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սյուժեից (տեսանյութ)
VIDEOՀամացանցում հայտնվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» (The Promise) ֆիլմի սյուժետային որոշ մանրամասներ: Ֆիլմը սկսվում է հայերի խաղաղ և հանգիստ կյանքի պատկերների նկրագրությամբ Օսմանյան կայսրությունում գտնվող գյուղերից մեկում:
Ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը՝ Միքայելը (Օսկար Այզեք), ով իր հարսնացու Մարալի (Անժելա Սարաֆյան) ծնողների կողմից որպես օժիտ`ստացել է 400 ոսկեդրամ, ուղևորվում է Կոստանդնուպոլիս՝ նպատակ ունենալով ստանալ բժշկական կրթություն: Տեղափոխվելով 4 քաղաքակրթությունների քաղաք՝ Միքայելն սկսում է բնակվել իր մեծահարուստ հորեղբոր տանը: Հենց նրա տանն է ծանոթանում երիտասարդ ու հարուստ հայուհու՝ Անայի (Շառլոտտա լե Բոն) հետ, որը մեծացել է Փարիզում և ուղեկցում է իր ընտրյալին՝ Associated Press գործակալության թղթակից Քրիս Մայերսին (Քրիստիան Բեյլ): Ուսմանը զուգահեռ Միքայելը շատ ժամանակ է անցկացնում Անայի և նրա փեսացուի հետ:
Որոշ ժամանակ անց Միքայելի և Անայի միջև սիրավեպ է սկսվում: Նրանց հետ խմբում հաճախ է հայտնվում Միքայելի ընկերն ու կուրսեցին՝ տեղի օսմանցի պաշտոնյաներից մեկի որդին, որը ֆիլմում դառնում է հայերի զանգվածային սպանությունների կազմակերպիչներից մեկը:
Ֆիլմի ամենավառ դրվագներից մեկը դառնում է Միքայելի և Անայի այցելությունը հայկական եկեղեցի, որտեղ երգում է Կոմիտասը: Շուտով Կոստանդնուպոլսում սկսվում են երիտթուրքերի դաժանությունները, հայ մտավորականության ներկայացուցիչների կալանավորումները:



