«Ելք» դաշինքը ինքնաբերական ձևավորված միավորում է, որը դեռ պետք է հղկվի. Զարուհի Փոստանջյան
POLITICSԵրևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Երկիր ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Զարուհի Փոստանջյանը չի բացառել, որ ընտրություններից հետո կարող են ինչ-որ հարցերի շուրջ համագործակցել «Ելք» դաշինքում ներգրավված որոշ անձանց հետ: Ապրիլի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը չմիավորվեցին, պատասխանեց, որ «Ելք» դաշինքը ինքնաբերական ձևավորված միավորում է, որը դեռ պետք է հղկվի:
«Ես չգիտեմ՝ նրանք կդառնա՞ն մեկ քաղաքական ուժ: Այնտեղ ներգրավված են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ տարբեր մոտեցումներով ու գաղափարներով և, հետևաբար, միասնական չեն: Մեր անկախության 25 տարվա փորձն էլ ցույց է տվել, որ փոքր խնդիրներ լուծելու շուրջ միավորումները արդյունավետ չեն և դատապարտված են ձախողման, եթե միավորվող ուժերը չունեն նույնանման գաղափարներ և մոտեցումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մանրամասնեց Փոստանջյանը:
Նա հավելեց, որ «Ելք» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված են անձինք, ում ինքն անձամբ ճանաչում է, և նրանց հետ իրենք կարող են ինչ-որ հարցերում համագործակցել, սակայն շեշտեց, որ իրենք գնում են քաղաքապետարանը վերցնելու:



