Ճարտարապետության և շինարարության համալսարանում մեկնարկեց ռուսաց լեզվի օլիմպիադան
SOCIETYՃարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ապրիլի 18-ին մեկնարկեց Հայաստանի բուհերի ուսանողների մասնակցությամբ ռուսաց լեզվի օլիմպիադան` «Ռուսաստան և Հայաստան. հավերժ միասին», «Ռուսաստանը հայ գրականության մեջ», «Հայաստանը ռուս գրականության մեջ» ազատ թեմաներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն կազմակերպել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Ռուսաստանի Դաշնության գիտության և մշակույթի կենտրոնի հայաստանյան ներկայացուցչությունը և ՌԴ-ի բուհերի շրջանավարտների միավորումը:
ՃՇՀԱՀ լեզուների ամբիոնի վարիչ, Հայաստանում Ռուսաստանի բուհերի շրջանավարտների միության գործադիր տնօրեն Վաղարշակ Մադոյանի խոսքով` Օլիմպիադային մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի 12 բուհերի 126 ուսանող:
«Շատ ուրախ եմ, որ բավականին մեծ թվով ուսանողներ են մասնակցում այս օլիմպիադային: Ռուսաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է բոլոր ոլորտներում, ուստի ռուսաց լեզուն պետք է շարունակի մնալ մեր ընտանիքներում»,- ասաց Մադոյանը:
ՃՇՀԱՀ լեզուների ամբիոնի վարիչը տեղեկացրեց, որ հաղթողներին պարգևատրելու են պատվոգրերով և արժեքավոր նվերներով, բացի այդ բոլոր մասնակիցներին հանձնվելու են մասնակցության սերտիֆիկատներ:



