Թուրքիան պետք է զգույշ լինի. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար
INTERNATIONAL NEWSԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարել է, որ Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքների ոչ մեծ տարբերությունից ելնելով՝ երկրի իշխանությունները պետք է զգույշ լինեն իրենց հետագա գործողություններում, հայտնում է korrespondent.net-ը։
«Չափազանց կարևոր է ապահովել դատական համակարգի անկախությունը՝ իրավունքի գերակայության սկզբունքին համապատասխան։ Եվրոպայի խորհուրդը, որի լիիրավ անդամ է Թուրքիան, պատրաստ է աջակցել երկրին այդ գործընթացում»,- ասվում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հայտարարությունում։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ քվեաթերթիկների 99,33% հաշվարկից հետո սահմանադրական փոփոխությունների օգտին քվեարկել է ընտրողների 51,36%-ը (24 մլն 935 հազ. 426), դեմ՝ 48,64%-ը (23 մլն 616 հազ. 345)։
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե։ Փոփոխություններով նախատեսվում է ընդլայնել նախագահի լիազորությունները և անցնել կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականի։



