Մինսկի խումբը պետք է միջադեպերի հետաքննություն իրականացնի՝ թեկուզ հակառակ Ադրբեջանի կամքին. Լ. Ալավերդյան
POLITICSԱդրբեջանական ԶՈՒ-ի ներկայացրած արկակոծումների տեսագրությունները ոչ միայն քարոզչության առումով կարող է արդյունք տալ, այլ նաև դա կարող է հետաքրքրիր լինել որևէ միջազգային հասարակական կազմակերպության, որոնք ևս ունեն բազմաթիվ հնարավորություններ, որոնցով կարող են ինչ-որ ազդեցություն տալ։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, արցախյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԼՂՀ ՊԲ-ի հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանական ԶՈՒ-ի ներկայացրած արկակոծումների տեսագրությունները միջազգային կառույցների համար իրական մեղավորին ճանաչելու փաստեր են։
Ըստ նրա՝ միջազգային կառույցների ուշադրությունը սևեռել այդ տեսագրությունների ուղղությամբ առաջին անհրաժեշտ քայլն է, սակայն ոչ՝ բավարար։
«Հարցն այն է, որ այդ քայլերի իրականացնելու համար ինձ համար պարզ չէ, որ մարմինը, միջազգային մեխանիզմը նկատի ունի ԼՂՀ-ն»,- ասաց նա և նկատեց, որ մինչ այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը չի ներկայացրել այնպիսի մեխանիզմ, որը կարելի է համարել մեկ քայլ առաջ՝ հանցագործություները հստակեցնելու համար, թե ով է առաջինը սկսում գործողությունները։ «Մինչև դա չի արվում, ես կարծում եմ, որ այդ խնդիրը շատ դժվար լուծելի է»,-ասաց նա։
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ միջադեպերի հետաքննություն իրականացնելու համար Մինսկի խմբի շրջանակներում անհրաժեշտ է, որ Ադրբեջանը ևս համաձայնի, իսկ մենք գիտենք, որ նա չի համաձայնում։ «Դրա համար պետք է, ոչ թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը ճանաչված չէ, այլ կարող է ԼՂՀ-ն ճանաչված պետության շրջանակներում, օրինակ, Հայաստանի Հանրապետության միջոցով դարձնի այդ խնդիրը լսելի, լինի դա միջազգային որևէ հարթակում, կամ միջազգային դատարանում»,- ասաց նա։
Հարցին, թե այն, որ Ադրբեջանը չի համաձայնում այդ միջադեպերի հետաքննությանը, արդեն չի՞ ցույց տալիս, թե որտեղ է խնդիրը, փորձագետը պատասխանեց.«Ասենք, թե ցույց է տալիս, սակայն խնդիրը չի լուծվում, և կարծում եմ, որ միայն այդպիսի հայտարարություններով, առաջարկություններով, որոնք կարող են չընդունվել, չպետք է հարցը սահմանափակել։ Մինսկի խմբի այսօրվա գործողությունների ձևաչափում պետք է հայտնվեն այնպիսի մեթոդներ, որոնք թույլ կտան այդ ամենը իրականացնել՝ թեկուզ հակառակ Ադրբեջանի կամքին»։
Ըստ նրա, որպեսզի միջազգային կառույցների կողմից «ագրեսոր» եզրույթը դառնա կիրառելի Ադրբեջանի համար, Հայաստանը շատ բան ունի անելու։
Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների կողմից երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև գոնե հավասարության նշան չդնելուն, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այդ առումով մի փոքր առաջընթաց կարելի է ակնկալել, եթե մեր այդ գործողությունները կամ քայլերը լինեն բավականին հետևողական, հասցեական և շարունակական։
«Նախևառաջ Հայաստանը պետք է ունենա բավականին ծանրակշիռ մեծ փաթեթ, փաստեր այդ միջադեպերի ուսումնասիրության համար և խոսքը գնում է, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների և տարածքի մասին, այլ նաև ճանաչված Հայաստնի մասին։ Ես պետք է հորդորեմ Հայաստանի իշխանություններին, որ լինեն ավելի ակտիվ, հետևողական»,-ասաց նա։



