Գուտերիշի կարծիքով՝ Լիբիայում լայնամասշտաբ հակամարտությունը կարող է վերսկսվել
INTERNATIONAL NEWSՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նախազգուշացրել է այն վտանգի մասին, որ Լիբիան կարող է վերադառնալ լայնամասշտաբ հակամարտության վիճակին, հայտնում է AP-ին:
Գլխավոր քարտուղարն այս կապակցությամբ իր մտահոգությունը հայտնել է ՄԱԿ ԱԽ-ի իր զեկույցում, որում վկայակոչել է Տրիպոլիում ավտանգության ոլորտում անկայուն վիճակը եւ երկրում շարունակվող քաղաքական ճգնաժամը: Նրա կարծիքով՝ չնայած «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Լիբիայում տարածքներ չեն վերահսկում, սակայն խմբավորման առանձին ահաբեկիչներ մնում են երկրում եւ տարբեր շրջաններում հարձակումներ իրականացնում:
Մարտի սկզբին իրավիճակը լարվել է Լիբիայի արեւելքում՝ կապված, այպես կոչված, նավթային կիսալուսնի շրջանում ռազմական բախումների վերականգնման հետ: Սաստկացել է նաեւ ռազմական դիմակայությունը երկրի մայրաքաղաք Տրիպոլիում:
Ներկայումս Լիբիայում 3 կառավարություն է գործում՝ միջազգային հանրության աջակցությունը ստացած Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը, Խալիֆա ալ-Գվեյլի ազգային փրկության կառավարությունը եւ Աբդալա Աբդուռահման աթ-Թանի արեւելյան «ժամանակավոր» կառավարությունը:



