Չկա մի ոլորտ, որտեղ սիրիահայերի համար դռներ չբացվեն. Հրանուշ Հակոբյան
SOCIETYՊատերազմի հետեւանքով Հայաստանում ապաստանած սիրիահայերը հիմնականում ցանկանում են հաստատվել հայրենիքում: Ճիշտ է կան որոշակի դժվարություններ, սակայն դրանց լուծումը ժամանակ է պահանջում, իսկ այն աշխատում է ոչ թե ի վնաս, այլ ի օգուտ սիրիահայերի:
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ամեն ինչ արվում է արագացնելու համար սիրիահայերի տնտեսական ինտեգրումը: «Անցնող 5 տարում երկրի ղեկավարի, կառավարության ջանքերն ուղղված են եղել սիրիահայերի` հասարակության մեջ ինտեգրմանը: Չկա մի ոլորտ, որտեղ սիրիահայերի համար դռներ չբացվեն: Որեւէ երկրում նման հոգատարություն փախստականներին չի ցուցաբերվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը:
Նա նշեց, որ սիրիահայերը Հայաստանում ունեն հարկային արտոնություններ: «Այսօր կառավարության հերթական նիստում կրկին մաքսային, հարկային մի շարք արտոնություններ սահմանվեցին, որոնց թվում մաքսատուրքից ազատվեց սիրիահայերի դեղագործությամբ զբաղվող ձեռնարկությունը»,-ասաց Հրանուշ Հակոբյանը` հավելելով, որ եթե կա բիզնես, որն, իրոք, զարգացման հեռանկարներ ունի, պետությունը պատրաստ է առանձին քննարկելու եւ առանձին լուծումներ գտնելու տվյալ բիզնեսի համար:



