Ամուլսարի հարակից համայնքներում փոքր բիզնեսը զարգանում է
SOCIETYԱմուլսարի հանքավայրի հարակից համայնքների տնտեսական զարգացումը «Լիդիան Արմենիա» ընկերության համար հանքավայրի շահագործման ծրագրի անբաժանելի մասն է։ Ընկերությունը իրականացնում է «Փոքր բիզնեսի զարգացման» ծրագիրը Գնդեվազ և Գորայք համայնքներում սկսած 2016 թվականից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդպիսի ծրագրի մի շահառու է դարձել Գնդեվազ համայնքի բնակիչ Աննա Խաչատրյանը իր «Գարանդա» խմորեղենների արտադրամասով։ Գնդեվազ համայնքում ապրիլի 12-ին կայացավ Աննա Խաչատրյանի խմորեղենի արտադրամասի պաշտոնական բացումը։
«Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսավորման շնորհիվ Աննային հաջողվել է ձեռք բերել համապատասխան սարքավորումներ և այսօր արդեն նա պատվերներ է ստանում հարակից տարբեր քաղաքներից, «Լիդիան Արմենիա»-ի կապալառուներից, որոնք Ամուլսարում շինարարություն են իրականացնում։
«Ծրագրի մասին լսեցի, որոշեցի օգտվել ընձեռնված հնարավորությունից, քանի որ շատ եմ սիրում խմորեղեններ պատրաստել։ Շահեցի ծրագիրը և սկսեցի իմ գործունեությունը ծավալել։ Արդեն 3 ամիս է զբաղվում եմ այս բիզնեսով և պատվերներ եմ ստանում Գնդեվազից, Ջերմուկից, Սարավանդից և հարակից այլ քաղաքներից»,- նշեց Աննան և հավելեց, որ ամսվա ընթացքում մոտ 150 տուփ պատվերներ է ստանում։
Խմորեղենները նաև առաքվում են խանութներ, իսկ տորթերը միայն պատվերով է պատրաստում։
«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով սոցիալական մենեջեր Նառա Ղազարյանն ասաց, որ այս ծրագիրն ընդամենը մի օրինակ է այն 14 բիզնեսներից, որ իրենք հիմնել և որոնց աջակցել են Գնդեվազ համայնքում։
«Ծրագրի հիմնական նպատակն է օգնել այն հողատերերին, որոնցից անցյալ երկու տարիների ընթացքում հող է ձեռք բերել կազմակերպությունը։ Մենք այդ մարդկանց համար ստեղծել ենք եկամտի աղբյուր՝ մեղրի, հացի, պանրի արտադրություններ: Անասնապահության զարգացումն ենք փորձել ապահովել»,- ընդգծեց Ղազարյանը և ավելացրեց, որ այս համայնքում թիախը կանայք են եղել, այսինքն՝ աջակցությունը եղել է միայն կանանց կողմից իրականացվող բիզնեսներին։
Ամեն շաբաթ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ցուցաբերում է տեխնիկական աջակցություն՝ իրականացնելով տարբեր բիզնես մոդելների դասընթացներ։
Ընկերությունը հիմնականում շեշտը դնում է կենսակերպի վրա և շատ է կարևորում այն հանգամանքը, որ մարդիկ տեսնեն և հասկանան, որ հանքարդյունաբերությունը համատեղելի է գյուղատնտեսության, անասնապահության հետ։
«Լիդիան Արմենիա» ընկերության գնահատմամբ՝ ամեն ուղղակի աշխտատեղ Ամուլսարի հանքավայրում զուգահեռ կստեղծի 4-5 անուղղակի աշխատատեղ։
Ծրագրի շրջանակներում արդեն իսկ կյանքի են կոչվել Գնդեվազում՝ 14, Գորայքում՝ 9 փոքր բիզնեսի աջակցության ծրագրեր, այդ թվում՝ հացաբուլկեղենի արտադրություն, մեղվաբուծություն, մսի վաճառքի կետ, կարի, չրի արտադրամասեր և այլն։ Մինչ օրս ընկերությունն այս ծրագրերում ներդրել է 18 մլն 468 հազար ՀՀ դրամ։



