Վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշն էապես նպաստեց ընտրություններում ՀՀԿ-ի հաջողությանը. Խոսրով Հարությունյան
SOCIETYԱզգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծում է, որ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության հաղթանակին էապես նպաստել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը: Ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը Խոսրով Հարությունյանն ասաց, որ Հանրապետական կուսակցության առավելությունն այն էր, որ նախապես հայարարել էր վարչապետի իր թեկնածուի անունը:
«Ես կարծում եմ, որ նախընտրական պայքարի շրջանում քաղաքական ուժերը պետք է հայտնեն անկյունաքարային պաշտոններում իրենց թեկնածուների անունները: Հանրապետականը հայտարարել էր, որ վարչապետի իր թեկնածուն Կարեն Կարապետյանն է: Դա Հանրապետական կուսակցության առավելությունն էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հարությունյանը:
Խոսրով Հարությունյանը անդրադարձավ նաև ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ խոսակցություններին` ընդգծելով, որ շատ հաճախ նման խոսակցություններ լսում են կուսակցություններից, որոնք իրենք են ընտրակաշառք բաժանում: «Ես ասում եմ՝ դա պախարակելի է, արատավոր երևույթ է: Չեմ կասկածում, որ մեր առօրյայից այդ երևույթը դուրս կմղվի, քանի որ քվեն վերահսկելի չէ: Ընտրողների շրջանում պետք է արմատավորվի այս գաղափարը, որ քվեն վերահսկելի չէ»,- ասաց պատգամավորը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամփոփելով Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքները, արձանագրել է, որ ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցնում 4 քաղաքական ուժ: Ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը և «Հայ հեղափոխական դաշնակցություն» < i>կուսակցությունը:
ՀՀԿ-ին կողմ է քվեարկել 770 հազար 44, ՀՀԴ-ի օգտին` 103 հազար 48, «Ելք» դաշինքի օգտին` 122 հազար 65, «Ծառուկյան» դաշինքի օգտին` 428 հազար 836 ընտրող:
Ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն ստանում է 58 մանդատ, որից երեքը ստանում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: «Ծառուկյան» դաշինքը ստանում է 31 մանդատ, որից 1-ը կստանա ազգային փոքրամասնության ներկայացուցիչը: «Ելք» դաշինքն ընտրությունների արդյունքներով կունենա 9 մանդատ, ՀՀԴ-ն՝ 7 մանդատ:



