Ահաբեկչություններ Սոմալիի մայրաքաղաքում. կան զոհեր
INTERNATIONAL NEWSՍոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի է ունեցել երկու պայթյուն, որոնց հետեւանքով մեծ թվով զոհեր եւ տուժողներ կան, փոխանցում է «Սինհուա»-ն:
Առաջին պայթյունը որոտացել է Մոգադիշոյի արվարձանում: Պայթուցիկ սարքը տեղադրված էր Սոմալիի կրթության նախարարության ծառայողի ավտոմեքենայի մեջ եւ գործարկվել է ավտոմեքենայի շարժիչն աշխատեցնելիս, նախարարության աշխատակիցը տեղում մահացել է:
Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Մոգադիշոյի ռազմավարժանքային ճամբարում: Ոստիկանության աշխատակիցը, անունը չհայտնելու պայմանով, տեղեկացրել է, որ զինվորական համազգեստով հանդերձավորված հարձակվողը ճամբար է ներթափանցել, որից հետո պայթեցրել է մարմնին կապած պայթուցիկով գոտին: Պայթյունի հետեւանքով առնվազն 5 զինծառայող է զոհվել, 15-ը վիրավորվել:
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել առաջին պայթյունի պատասխանատվությունը, սակայն Սոմալիի ծայրահեղական «Աշ-Շաբաբ» խմբավորումը հայտարարել է երկրորդ պայթյունի պատասխանատվության մասին:



