Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Փարաքարցին սպանել և իր այգում թաղել է իրենից 30 տարով մեծ ֆրանսուհի կնոջը՝ «գլուխը՝ դեպի Արարատը, ոտքերը՝ դեպի Արագածը…»

SOCIETY

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Գևորգ Խաչատրյանի գործի դատական քննությունը:

50-ամյա Գևորգ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրված շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Ըստ դատական ակտի՝ Գևորգ Խաչատրյանը մեղադրվում էր Ֆրանսիայի քաղաքացի Մոնիկ Հարլեյին Հայաստանում սպանելու համար:

Ֆրանսիայի իրավապահներից 2012 թվականի սեպտեմբերին ու հոկտեմբերին քննչական հանձնարարություններ են ստացվել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացուհի, 1937 թվականի հունիսի 14-ին ծնված Մոնիկ Հարլեյի անհետ կորչելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով Հայաստանի տարածքում քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ: Տրամադրված նյութերում տեղեկություններ են եղել, որ Մոնիկ Հարլեյը 2011 թվականի դեկտեմբերի 12-ին Կասաբլանկա-Փարիզ-Երևան չվերթով ժամանել է Երևան, իսկ Հայաստանի Հանրապետությունից նրա մեկնումի մասին տեղեկություններ չեն եղել: Ըստ հետդարձի ավիատոմսի՝ Մոնիկը Փարիզ պետք է վերադառնար դեկտեմբերի 22-ին, սակայն չի վերադարձել:

Մարոկկոյում կալանավորված ՀՀ քաղաքացի, Արմավիրի մարզի Թաիրով-Փարաքար գյուղի բնակիչ Գևորգ Խաչատրյանից Ֆրանսիայի իրավապահները տեղեկություն են ստացել՝ որ նա սպանել է Մոնիկ Հարլեյին ու մարմինը թաղել է իր այգում:

Գործի քննությամբ բացահայտվել է հետևյալը:

Գևորգ Խաչատրյանը մոր և եղբոր հետ բնակվել է Թաիրով-Փարաքար գյուղում: Նրա եղբայրը հաշվառված է հոգեկան առողջության կենտրոնում, բժշկի նշանակմամբ ստանում է հոգեմետ դեղեր:

Գևորգ Խաչատրյանը 1999 թվականին մեկնել է Եվրոպա՝ աշխատելու: 2000-ից մինչև 2005 թվականներն ապրել է Շվեյցարիայի Բազել քաղաքում: Այնտեղ ծանոթացել է ֆրանսուհի Ժանին Բոդենշացի հետ: Մտերմացել են: Գևորգն աշխատել է Ժանինին պատկանող «Բոդենշաց» նկարչատանը՝ որպես տնօրեն:

Գևորգը Հայաստանում պարբերաբար գտնվելու ընթացքում մի քանի անգամ ամուսնացել է հայ կանանց հետ, ունի մի քանի երեխա: Վերջին փաստական ամուսնությունը եղել է ՀՀ քաղաքացի Լուսինեի հետ, նրանից ունի մեկ որդի:

2006 թվականին Գևորգը Ժանին Բոդենշացի հետ մեկնել է Մարոկկո, աշխատել է նրա հետ: 2008 թվականին Մարոկկոյում Գևորգը ծանոթացել է իրենից 30 տարով մեծ՝ 1937 թվականին ծնված Մոնիկ Հարլեյի հետ: Վերջինս Մարոկկոյում զբաղվում էր անշարժ գույքի առուվաճառքով, ուներ մեծ կարողություն:

Այդ նույն ժամանակ լարվել են Գևորգի և Ժանին Բոդենշացի անձնական ու գործնական փոխհարաբերությունները: Ժանինի բողոքի հիման վրա Գևորգ Խաչատրյանը Մարոկկոյի Մարաքեշ քաղաքի դատարանի կողմից դատապարտվել է 1 տարի ազատազրկման:

Պատժի կրումից ազատ է արձակվել 2010 թվականի նոյեմբերի 2-ին: Մարաքեշում Գևորգը նորից հանդիպել է Մոնիկ Հարլեյին, շահել է նրա վստահությունն ու համակրանքը:

Երբ Մոնիկը գործնական հարցերով բացակայել է Մարաքեշից, Գևորգը բնակվել է նրա տանը:

2011 թվականին Գևորգը որոշել է Մոնիկի հետ Հայաստան այցելել: Նա Կասաբլանկա-Փարիզ-Երևան չվեթի երկու տոմս է գնել: Ինքնաթիռում Գևորգն ու Մոնիկը նստած են եղել կողք կողքի:

2011 թվականի դեկտեմբերի 12-ին նրանք ժամանել են Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորել է Գևորգի եղբայրն ու իր մեքենայով տարել է իրենց՝ Թաիրով-Փարաքար գյուղում գտնվող տուն:

3-4 օր անց՝ քննությամբ չպարզված օրվա երեկոյան Գևորգի եղբայրը խմել է իր հոգեմետ դեղերը, գնացել է քնելու: Գևորգի մայրն այդ ժամանակ բացակայել է Հայաստանից, գտնվել է Բելգիայում:

Գևորգն ու Մոնիկը մնացել են տան առաջին հարկում գտնվող խոհանոցում: Կոնյակ և շամպայն են խմել: 74-ամյա Մոնիկը ալկոհոլի ազդեցության տակ է եղել:

Գևորգ Խաչատրյանը նրան կյանքից զրկելու նպատակով եղբոր հոգեմետ դեղերից մի քանի դեղահաբ է մանրացրել, լցրել է շամպայնով լի գավաթի մեջ ու համոզել է, որ Մոնիկը խմի գավաթի ամբողջ պարունակությունը:

Մի քանի րոպե անց Մոնիկ Հարլեյը ընդունած դեղերի մեծ չափաբաժնից մահացել է:

Գևորգ Խաչատրյանը, ըստ դատական ակտի, իր արարքի հետքերը թաքցնելու նպատակով տան հետնամասում խողովակաշար անցկացնելու նպատակով փորված փոսը փորել-խորացրել է: Այնուհետև Մոնիկ Հարլեյի դիակը գրկել, դուրս է բերել խոհանոցից, գլուխը՝ դեպի հարավ, ոտքերը՝ դեպի հյուսիս՝ պառկեցրել է փորված փոսի մեջ ու թաղել է:

Առավոտյան Գևորգի եղբայրը հետաքրքրվել է, թե ուր է Մոնիկը: Գևորգն ասել է, թե իրենք գիշերը վիճել են, ինքը Մոնիկին տարել է հյուրանոց:

Հաջորդող օրերին Գևորգը Մոնիկի հագուստները, կոշիկները, անձնագիրն ու «Էքսպրես» քարտը ոչնչացրել, նետել է չպարզված վայրերում:

Այնուհետև Գևորգը երեխային տեսակցելու պատրվակով այցելել է իր փաստական կին Լուսինեին, ասել է, թե հիվանդ եղբայրը խնամքի կարիք ունի: Լուսինեի համաձայնությամբ Գևորգը եղբորը տեղափոխել է Լուսինեի տուն: Ինքը՝ Գևորգը, նույնպես ապրել է Լուսինեի տանը մինչև 2012 թվականի հունվարի 19-ը: Եղբորն ասել է, թե Մոնիկն արդեն մեկնել է Հայաստանից:

Հունվարի 19-ին Գևորգը մեկնել է Մարոկկո: Հունվարի 26-ին Լուսինեն Գևորգի ցուցումով Թաիրով գյուղի տունը գրավադրել է բանկում Գևորգի եղբոր անունով, ստացված գումարից 9  հազար դոլարը վերցնելով՝ իր երկու անչափահաս որդիների հետ մեկնել է Գևորգի մոտ՝ Մարոկկո: Նրանք բնակվել են Մոնիկ Հարլեյի՝ Մարաքեշում գտնվող տանը:

2012 թվականի մարտի 23-ին Գևորգ Խաչատրյանին ձերբակալել են Մոնիկի տանը՝ համակարգչի և համացանցի միջոցով Մոնիկ Հարլեյի ֆինանսական ակտիվների փոխանցման փորձ կատարելու մեղադրանքով: Մարոկկոյում Գևորգը դատապարտվել ու պատիժ է կրել Սալայի տարածքային քաղաքացիական բանտում:

Մարոկկոյի Թագավորության Արդարադատության և ազատության նախարարության՝ 2014 թվականի դեկտեմբերի 30-ի՝ հանցագործի արտահանձնման հրամանագրի համաձայն՝ Գևորգ Խաչատրյանին արտահանձնել են ՀՀ իրավասու մարմիններին:

Նախաքննության ժամանակ Գևորգ Խաչատրյանն ընդունել է, որ սպանել է Մոնիկ Հարլեյին ու թաղել է Թաիրով-Փարաքար գյուղի իրենց տան այգում: Նա ցույց է տվել թաղման տեղը:

Գևորգ Խաչատրյանը շահադիտական դրդումներով սպանության մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է՝ դեպքը եղել է, ինքն ընդունում է, ինքն է ցույց տվել դիակի տեղը: Ինքն իր պատիժը կկրի, բայց պնդել է, որ Մոնիկ Հարլեյին Հայաստան էր բերել ո՛չ սպանելու մտադրությամբ: Նրան բերել էր՝ համատեղ գործ սկսելու, Հայաստանում ներդրումներ կատարելու նպատակով: Ինքը Մոնիկին դեղ է տվել՝ միայն քնեցնելու մտադրությամբ: Մոնիկն ուզում էր, որ իրենք սեռական հարաբերություն ունենան, իսկ ինքը դա չէր ուզում: Մտածել է՝ դեղ տա ու քնեցնի ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Մոնիկին՝ այդպես ազատվի նրա համառ սիրահետումից:

Գևորգ Խաչատրյանն իրեն մեղավոր է զգացել բժիշկ չկանչելու, կատարվածի մասին ոստիկանություն չհայտնելու համար, իսկ սպանության համար «սրտանց» մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ Մարաքեշում ծանոթացել է Մոնիկի հետ՝ երկուսն էլ հանդես են եկել որպես օտարերկրացի ներդրողներ:

Մարաքեշը, ըստ Գևորգի, փոքր քաղաք է, օտարերկրացիները ճանաչվում են: Իրենք քանդված տներ են գնել՝ հյուրանոցներ կառուցելու համար: Սկսել են մտերմանալ:

2009 թվականին ինքը վիճաբանել է իր գործընկերների, մասնավորապես՝ Ժանին Բոդենշացի հետ: Վերջինիս մեղադրանքով մոտ երկու տարի բանտ է նստել՝ իբր նրա մատանին գողացել էր: Բանտից դուրս գալով՝ փորձել է կյանքը վերականգնել, զբաղվել է մանր առևտրով:

Պատահաբար հանդիպել է Մոնիկին: Վերջինս ուրախացել է, ինքն էլ պատմել է գլխով անցածը:

Մոնիկն առաջարկել է միասին աշխատել: Ինքը Հայաստանում զբոսաշրջության զարգացման ծրագիր է ունեցել: Ներշնչել է Մոնիկին: Նա էլ ցանկություն է հայտնել Հայաստանում լինել, իր աչքով տեսնել:

Մարաքեշից միասին գնացել են Կասաբլանկա, այնտեղից՝ Փարիզ, այնտեղից՝ Երևան: Իրենց դիմավորել է եղբայրը: Ինքը Մոնիկին տարել է Փարաջանովի թանգարան, մի քանի հյուրանոցներ է ցույց տվել: Երեք-չորս օր շրջել են այդպես: Դեպքի հաջորդ օրը Մոնիկը բանկում իր անունով հաշիվ պիտի բացեր: Բայց նա  ուզում էր իր հետ սեռական հարաբերություն ունենալ, նույնիսկ առաջարկում էր, որ ամուսնանան, բայց ինքը մերժել է…

Ինքն ընդհանրապես Մարոկկո էր գնացել, որ աշխատի, մորն ու եղբորը պահի: Ժանինն իրենից նույնպես 30 տարով մեծ էր… Նրա հետ ինքը սեռական հարաբերություններ ունեցել է, շրջագայել է, լավ փող են աշխատել, բիզնեսով են զբաղվել, ցուցահանդեսներ են արել, սրբապատկերներ են վաճառել… Ժանինը իր մոր անունով տուն է գնել, իրեն շատ փող է տվել, բայց վերջում իրենք գժտվել են: Հետագայում ինքը Ժանինին ասել է, որ Մոնիկը մահացել է իր մեղքով…

Մոնիկի մահվան օրը՝ Հայաստանում, երբ եղբայրը խմել է դեղերն ու գնացել է քնելու, այդ տարեց կինը սկսել է սիրահետել իրեն, հանել է վերնազգեստը, մնացել է անթև մայկայով, ցուցադրել է ծերացած մարմինը, շոյել է իր գլուխը՝ միայն իր զզվանքն է առաջացրել:

Ինքն առաջարկել է նորից շամպայն խմել: Եղբոր դեղերից մանրացրել, լցրել է Մոնիկի բաժակի մեջ, նա խմել է: Մոտ հինգ րոպե անց թուլացել ու ընկել է թախտին: Սկսել է խռխռացնել, բերանը բացել-փակել, բիբերը շրջվել են: Ինքը ջուր է լցրել նրա դեմքին, փորձել է օգնել, բայց շուտով հասկացել է, որ նա մահացել է: Շփոթվել է: Որոշել է դիակը թաղել: Տարել է տան հետնամասում՝ եղևնիների մոտակայքում փորված փոսի մոտ: Այդ փոսը փորել-մեծացրել է: Երբ գրկել է Մոնիկի մարմինը, զգացել է, որ արդեն սառել է: Նրան պառկեցրել է փոսի մեջ՝ գլուխը՝ դեպի Արարատը, ոտքերը՝ դեպի Արագածը: Վրան հող ու քարեր է լցրել, ծածկել է փոսը: Իրավիճակն է իրեն թելադրել… Հետո լվացվել ու կոնյակ է խմել…

2012 թվականի մարտի 22-ին, երբ ինքն ու Լուսինեն երեխաների հետ գտնվել են Մարաքեշում՝ Մոնիկի տանը, այնտեղ են եղել նաև իր գործընկերներից, հանկարծ 7-8 հոգի ներս են մտել, իրեն շղթայել են, ասել են, թե ինքը սպանել է Մոնիկին, որտե՞ղ են փողերը… Ինքը պատասխանել է, թե Մոնիկը մեկնել է ճամփորդելու: Իրենից պահանջել են Մոնիկի փողերը, բայց ինքը փող չի ունեցել:  Փաստաբան, թարգմանիչ է պահանջել, չեն տրամադրել: Ընտանիքին էլ են բռնել, երկրից բաց չեն թողել երկար ժամանակ:

Իրեն երեք օր անց տեղափոխել են բանտ:

Ըստ Գևորգ Խաչատրյանի՝ Մարաքեշը «Եվրոպայի հասարակաց տունն է», կոռուպցիա կա այնտեղ: Իրեն տանջել են: Երբ իմացել է, որ Հայաստան են տեղափոխելու, շատ է ուրախացել:

Գևորգ Խաչատրյանը նշել է, թե ինքը «նյութապաշտ չէ, շահամոլ չէ», այլապես կամուսնանար Մոնիկի հետ, «կապիկություն կաներ»:  Ինքը գումարի համար մարդ սպանող չէ, «մենակ, տխուր մարդ է»: Տխուր մարդը չի կարող սիրել… Ինքը 30 տարի օտարության մեջ է ապրել, մի ծխախոտ անգամ չի գողացել… Առանց Մոնիկի ինքը ոչինչ չէր կարողանա անել: Ցանկացել է նրա հետ Հայաստանում ներդրում անել: Մուսալեռի տարածքում արաբական ոճով հյուրանոցներ կառուցելու նախահաշվարկ են արել: Իրեն Մոնիկ Հարլեյի մահը ո՛չ ֆինանսական, ո՛չ բարոյական տեսակետից օգուտ չէր… Ցավում է, որ այսպես է ստացվել…

Սպանությունից հետո Մարաքեշում ինքը Մոնիկի քարտերից գումար չի հանել, կոդերը չգիտեր…

Գևորգ Խաչատրյանն ասել է, թե հայաստանյան դատարանից ակնկալում է ճշմարտություն, թող պատժվի իր արածի համար, բայց ո՛չ՝ չարածի: Տրամաբանություն չկար Մոնիկին սպանելու, բայց ընդունում է մեղքը, ցավում է ու ափսոսում… Ափսոսում է այդ կնոջը, ինքն առանց մտածելու է արարքը կատարել…

Գևորգ Խաչատրյանը խնդրել է իրեն «բարությամբ դատել» ու ներողամիտ լինել…

Ընդհանուր իրավասության դատարանը Գևորգ Խաչատրյանին մեղավոր է ճանաչել շահադիտական դրդումներով սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, և դատապարտել է 14 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2012 թվականի մարտի 23-ից:

Գործով տուժող Մոնիկ Հարլեյի մարմնի մասերը, որոնք պահվում են ՀՀ առողջապահության նախարարության գիտագործնական կենտրոնի Վաղարշապատի բաժանմունքում, դատավճիռն օրինական ուժ ստանալուց հետո «կհանձնվեն Հայաստանում Ֆրանսիայի իրավասու մարմիններին՝ հուղարկավորումը կազմակերպելու նպատակով»:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League