«Որդուս վերջին անգամ տեսել ենք 2016թ.-ի ապրիլի 2-ին, չենք համակերպվում ոչ մի կերպ» Արցախում զոհված Վահե Զաքարյանի հայրը
SOCIETY«Վահեն բանակ չգնալու հնարավորություններ շատ է ունեցել, բայց նախընտրել է բանակ գնալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 2016 թվականի ապրիլին Արցախում զոհված զինծառայող Վահե Զաքարյանի հայրը՝ Սամվել Զաքարյանը։
Նա նշում է, որ 9 տարեկանից Վահեն զբաղվել է սպորտով. «Կարատեի է գնացել։ Հաճախել է թիվ 10 միջնակարգ, հետո՝ ավագ դպրոց, ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, Հայաստանի որոշ մրցումներում եղել է Հայաստանի եռակի չեմպիոն, հետո մասնակցել է 2012 թվականին աշխարհի մրցումներին Լեհաստանում։ 2014 թվականին հրավիրվել է Չեխիա՝ մասնակցելու աշխարհի մրցումներին, բայց հրաժարվել է ու գնացել բանակ՝ պատճառաբանելով, որ բանակի հարցը հետաձգվում է։ Այսինքն՝ նախընտրել է բանակ գնալ»։
Սամվել Զաքարյանի խոսքով՝ Վահեի հայրենասիրությունը ձևավորվել է ընտանիքում. «Որդիս պապիկին չի տեսել, բայց իմ պատմելով իմացել է, թե ինչպես են ծնողներս Ադրբեջանից տեղափոխվել Հայաստան։ Ես այդ ժամանակ եղել եմ 6-7 տարեկան, ու տեղափոխվել ենք զուտ նրա համար, որ ծնողներս ցանկացել են Հայաստանում ապրել։ Հնարավորություն են ունեցել Ռոստով կամ Մոսկվա գնալ՝ մեր հարազատների մոտ, բայց նախընտրել են Հայաստանը։ Հրազդան ենք տեղափոխվել։ Այս ամենը պատմել եմ Վահեին, ու երևի մեջը տպավորվել է, թեև հայրենասիրության մասին զրույցներ չենք ունեցել։ Ես ժամանակին փոքր բիզնեսներ եմ ունեցել ու միշտ օգնություններ էինք ուղարկում Հայաստան Կրասնոյարսկից։ Հետո, երբ ամբողջ ընտանիքով տեղափոխվեցինք Մոսկվա, մեկ տարի մնալուց հետո Վահեն որոշեց վերադառնալ Հայաստան, ես էլ չկարողացա իրեն մերժել։ Այդպես քույրերի հետ տեղափոխվեցին Հայաստան, և քանի որ ես ու կինս աշխատանքի բնույթով չէինք կարող գալ, 4 տարի առանց մեզ ապրեցին»։



Հոր խոսքով՝ Վահեն քույրերի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է եղել. «Մեծ քրոջ ամուսնությունից հետո միջնեկ աղջկաս հետ ապրեց մոտ 2 տարի։ Քույրերն առանց իրենց եղբոր իմացության ոչ մի քայլ չէին անում՝ չնայած նրան, որ տարիքով փոքր էր։ Շատ ծանրակշիռ, կշռադատված, թասիբով, ընկերասեր տղա էր։
Շարունակությունն՝ այստեղ



