Գիտնականները ատամի մածուկի մեջ վտանգավոր քաղցկեղածին նյութ են հայտնաբերել
LIFEMed.tert.am-ը գրում է.
Գաղտնիք չէ, որ մարդիկ շրջապատված են վնասակար նյութերով: Մասնավորապես՝ նման վնասակար նյութեր, որոնք կարող են լինել նաև քաղցկեղածին, գիտնականները հայտնաբերել են ատամի մածուկի մեջ: Ատամի մածուկի և մաստակի շատ տեսակների մեջ հայտնաբերվել է տիտանի երկօքսիդ (E171 սննդային գունանյութ), որը խիստ վնասակար է:
Թուլուզի համալսարանի և Լյուքսեմբուրգի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի մասնագետներն անց են կացրել մի գիտափորձ, որի ժամանակ 100 օր առնետներին տվել են տիտանի երկօքսիդ պարունակող ջուր: Արդյունքում կրծողների 40%-ի մոտ աղեստամոքսային համակարգում առաջացել են նորագոյացություններ, որոնք բարձրացնում էին քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Գիտափորձը նաև ցույց է տվել, որ այդ նյութը խիստ բացասաբար էր ազդում կրծողների իմունային համակարգի վրա: Գիտնականները մտադիր են Ֆրանսիայում լայնամասշտաբ կլինիկական հետազոտություններ անցկացնել՝ պարզելու համար, թե ինչպես է այն ազդում մարդկային օրգանիզմի վրա:
Ավելի վաղ գիտնականներն արդեն նախազգուշացրել են տիտանի երկօքսիդ պարունակող ներկերի, արևապաշտպան քսուքների, քաղցրավենիքի վնասակար հատկությունների մասին: Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս նյութը վտանգավոր է ոչ միայն սննդի մեջ օգտագործելու դեպքում, այլև շնչելու, քանի որ նպաստում է քաղցկեղի առաջացմանը:



