Սա կարդալուց հետո Դուք անպայման քնելուց առաջ կանջատեք հեռախոսները
LIFEMed.tert.am-ը գրում է.
Ժամանակակից կյանքի ռիթմը ստիպում է մարդկանց չափազանց «արագ» ապրել: Նրանք աշխատում են հասցնել ամեն ինչ, սակայն չեն հասցնում քնել, քանի որ չեն ցանկանում թանկագին ժամանակը վատնել քնի վրա: Մարդիկ չեն նկատում, որ մշտական գերհոգնածության պատճառով չեն կարողանում կենտրոնանալ, իսկ քնից գողացված ժամանակն անարդյունավետ են օգտագործում:
Միևնույն ժամանակ շատերը չեն էլ գիտակցում, որ կարելի է հեշտությամբ քնել, եթե չլինեն մի շարք գաջեթները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի պատճառ՝ քնելուց առաջ բոլոր գաջեթներն անջատելու և լիարժեք հանգստանալու համար:
Ավելորդ քաշ
Մարդիկ, որոնք սովոր են քնել կեսգիշերից հետո, ավելի շատ կալորիա են օգտագործում: Մասնավորապես՝ սա պայմանավորված է երեկոյան 8-ից հետո ընթրելու սովորությամբ: Քնի պակասի հետևանքով մարդու մոտ առաջանում է պարզ ածխաջրեր օգտագործելու ցանկություն, քանի որ այդ կերպ կարելի է լրացնել էներգիայի պակասը: Սակայն սա հանգեցնում է ճարպաշերտերի կուտակմանը: 32-49 տարեկան 10 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 7 ժամից պակաս քնող մարդկանց մոտ ճարպակալման առաջացման հավանականությունն ավելի բարձր է լինում:
Քնի որակի վատացում
Գաջեթն օգտագործելու ժամանակ քնելու դեպքում մեծ է հավանականությունը, որ դրա լույսը թույլ չի տա քնել ամուր ու խորը քնով, մինչդեռ խորը քնի փուլը հարկավոր է օրգանիզմին վերականգնվելու համար:
Խնդիրներ՝ կապված պտղաբերության հետ
Գիշերվա ժամերին լույսը ճնշում է մելատոնին հորմոնի արտադրությունը, որը պաշտպանում է ձվաբջիջները թթվայնացնող սթրեսից: Սա է պատճառը, որ գիշերվա ժամերին լույսի ազդեցության հետևանքով կանանց մոտ կարող են խնդիրներ առաջանալ՝ կապված պտղաբերության ու հղիանալու հետ:
Խնդիրներ՝ կապված ուսման հետ
Երեկոյան ուշ ժամի (23:30-ից հետո) քնելու դեպքում դեռահասների մոտ վատանում է առաջադիմությունը: Բացի այդ, հուզական խնդիրներն ավելի արագ են ազդում նրանց վրա:
Սթրես և դեպրեսիա (ընկճախտ)
Լույսի երկարատև ազդեցությունը կարող է առաջացնել դեպրեսիաներ և ակտիվացնել սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի արտադրությունը, ուստի քնելուց 1-2 ժամ առաջ հարկավոր է անջատել բոլոր գաջեթները: Բացի այդ, ինչպես արդեն նշվել է, լույսը ճնշում է մելատոնինի արտադրությունը, իսկ այդ հորմոնի ուղարկած ազդանշանները հուշում են գլխուղեղին, որ արդեն քնելու ժամանակն է:



