Լևոն Շիրինյան. «Պետականության նավի ավելորդ կշռաքարերը դուրս մնացին»
POLITICSՔաղաքագետ Լևոն Շիրինյանը պատասխանելով Past.am-ի այն հարցին, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքները քաղաքական տեսանկյունից գոհացուցիչ էին, արդյոք այս ընտրությունները ինչ–որ բան փոխեցին, թե՝ ոչ, պատասխանեց, որ եթե ընտրված ուժերի շահերը համընկնեն, միգուցե ինչ–որ բան փոխվի:
«ՀՀԿ–ն մնաց, որն իր դեմքի մի մասը փոխել էր՝ վարչապետով ներկայացավ, ով էլ բարեփոխիչի կերպար էր ուզում ստեղծել: Ընդհանուր առմամբ քարոզարշավը գնաց այդ ֆոնի տակ: Պիտի հասկանան, որ Հայաստանում այլևս բավարար չափով ռեսուրս չկա վատնելու համար և իրենց վրա է ամբողջ պատասխանատվությունն ընկնում:
Եթե ֆասադային մասը փոխում են, պիտի «ավգյան ախոռներն» էլ մաքրեն:
Հանրապետական կուսակցությունը երիտասարդանալու, նորանալու և քաղաքականանալու խնդիր ունի: Փոփոխություններ կան, բայց մտածողությունն էլ պետք է նոր լինի»,– պատասխանեց քաղաքագետը:
Ըստ նրա՝ քաղաքական իշխանությունը կիսվեց Հանրապետականի և «Ծառուկյան» դաշինքի միջև: Եվ եթե հիմա Ծառուկյանը փորձի իր բարեգործությունը և սոցիալական ուղղվածության բոլոր խոստումները բերել քաղաքական էկվիվալենտ, մենք կունենանք ԱՄՆ–ի երկկուսակցական քաղաքական համակարգի նման կառույց:
«Սրանք են գլխավոր դերակատարները: Դաշնակցությունը այստեղ որևէ դեր խաղալ չի կարող, բացի զարդարելուց: Հետո վերջում պիտի ասեն՝ մեր քվեները բավարար չէին, մեզնից ի՞նչ եք ուզում, մենք ոչ մի բան էլ չէինք կարող անել: Իրենք 2000 թ. առաջ էլ կորցրել էին իրենց սոցիալական բովանդակությունը՝ որպես սոցիալիստական կուսակցություն: Հենվում է սրա–նրա վրա և իշխանության մեջ որոշակի տեղ է զբաղեցնում: Ուզեն, թե չուզեն ընդդիմության նիշը զբաղեցնելու է «Ելք» դաշինքը, որն այս ընտրարշավի ամենահամակրելի քաղաքական կառույցն է. երիտասարդ են, նոր են ու թարմ, մանավանդ ժողովրդի մեջ կարողացան երկխոսություն ստեղծել»,– նշեց Լևոն Շիրինյանը:
Վերջինիս կարծիքով նրանց 9 մանդատը բավարար չէ երկրում ինչ–որ բան փոխելու, բայց խիստ բավարար է խորհրդարանում մշտական անհանգիստ վիճակ ապահովելու և որոշումներ պարտադրելու տեսանկյունից:
Քաղաքագետը նաև պնդում է, որ եթե չենք կարող շնորհավորել ժողովրդին լավագույն խորհրդարան ունենալու տեսանկյունից, գոնե կարող ենք շնորհավորել, որ Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական «աղանդը» ջախջախվեց: Ըստ նրա՝ սա մեծ ձեռքբերում է և նշանակում է, որ հայ ժողովուրդը հստակ ասաց՝ «ոչ մի թիզ հող հող հանձնողին»:
«Բեռնաթափում եղավ, 1990 թ. քաղաքական գործիչների մի համաստեղություն գալիս էր խորհրդարանից խորհրդարան, բայց մենք այլևս դրանց դեմքերը չենք տեսնի: Սա նորույթ է մեր քաղաքական իրականության մեջ: 1990 թթ. քաղաքական մի հոսանք ջախջախվել է Հայաստանում, որը կշռաքարերի նման կախված էր պետության զարգացման և նրա տարածքային ընդարձակման ոտքերից: Հայաստանի պետականության նավում նրանք ավելորդ կշռաքարեր էին: Բեռնաթափումը հաջողություն է և մեծ նվաճում: Հուսանք, որ երիտասարդ ավյունը կաշխատի և երկրում կառաջանա իսկական քաղաքական իրավիճակ»,– հավելեց մեր զրուցակիցը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



