ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողներից 5-ը տեղափոխվել են հիվանդասենյակ
SOCIETYԱրցախում սեպտեմբերի 25-ին հակառակորդի հրետակոծության հետեւանքով վիրավորված զինծառայողներից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն, իսկ մնացած 5-ի վիճակը միջին ծանրության է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Զինծառայողներից 5-ը տեղափոխվել են հիվանդասենյակ, 2 զինծառայող շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում»,-հավելեց նա:
Նշենք, որ զինծառայողներից մեկին սեպտեմբերի 30-ին էին տեղափոխել Երեւան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով մահացու վիրավորվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Մարտակերտի, Ստեփանակերտի եւ Երեւանի հոսպիտալներում գտնվում է 16 վիրավոր:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:



