Ձգտում եմ աշխատանքս կազմակերպել այնպես, որպեսզի ինձ բարեփոխիչ անվանի ոչ միայն Նախագահը. Կարեն Կարապետյան
SOCIETYՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչու թողեց աշխատանքը «Գազպրոմ»-ում և որոշեց գնալ քաղաքականություն ու դառնալ վարչապետ: Կարեն Կարապետյանը նշել է, որ շատ դրական է գնահատում «Գազպրոմ»-ում աշխատանքի իր փորձը և այդ կազմակերպությունը համարում է ամենահաջողվածներից մեկը:
«Ինչ վերաբերում է ինձ՝ որպես վարչապետի. եթե ինձ վստահել են տվյալ պաշտոնը, ես կանեմ իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ, որպեսզի նպաստեմ մեր երկրի վերականգնմանը, որպեսզի Հայաստանը լինի ժամանակակից, առաջ շարժվող և զարգացած պետություն: Երբ ՀՀ նախագահը ստորագրեց վարչապետի պաշտոնում ինձ նշանակելու հրամանագիրը, նա ընդգծեց քաղաքական բարեփոխումների անցկացումը: Ինձ վրա երկրում փոփոխություններ կատարելու պատասխանատվություն է դրվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է ՀՀ վարչապետը: Նրա խոսքով, բարեփոխումն առաջին հերթին փոփոխություն է դեպի լավ կողմ, իսկ փոփոխությունը՝ մեր ամենօրյա կարիքն է: Ըստ Կարապետյանի՝ երբեք չի լինի այնքան իդեալական համակարգ, որը փոփոխությունների պահանջ չունենա:
«Ես ձգտում եմ իմ աշխատանքը կազմակերպել այնպես, որպեսզի բարեփոխիչ ինձ անվանի ոչ միայն Նախագահը»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:



