ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 84 հաղորդում
POLITICSՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 17-ի դրությամբ , ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 84 հաղորդում, որոնցից 9-ը ուղարկվել է նախաքննության, 23-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 52-ը՝ ստուգման փուլում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաղորդումներից 28-ը՝ Երեւանում, 7-ը՝ Կոտայքի. 9-ը՝ Լոռու, 7-ը՝ Շիրակի, 2-ը՝ Արմավիրի, 11-ը՝ Տավուշի, 10-ը՝ Արարատի, 1-ը՝ Սյունիքի, 4-ը՝ Գեղարքունիքի, 5-ը՝ Վայոց ձորի մարզերում:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով):
Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։



