Մրգավանի գյուղապետը օրենք է խախտում
SOCIETYԱրարատի մարզի Մրգավան գյուղի համայնքապետը շրջում է ընտրատեղամասում։ 12/42 ընտրատեղամասի բակում գյուղապետի ավտոմեքենան է կայանած, գյուղապետն էլ՝ Սամվել Վարդանյանը, ներսուդուրս է անում։ Արդեն մոտ մի քանի ժամ է` նա չի հեռանում տարածքից, թեև այդ տեղամասում տվյալ պահի դրությամբ ընտրություն չի կատարում։ Վերջինս բավական «խառն» էր՝ անընդհատ հեռախոսով խոսում, կարգադրություններ անում դրսում գտնվող տղաներին։
Պարզվում է, գյուղապետը ընտրատեղամաս սեղաններ տեղափոխելու հանձնարարություններ էր տալիս։ Ինչպես նա ասաց՝ սեղանները հանձնաժողովի անդամների ու վստահված անձանց համար «հացի սեղան» կազմակերպելու համար է։ Բացի այդ Past.am-ը տեղեկացավ, որ գյուղապետն իր սեփական միջոցներով է պատրաստվում կերակրել վերջիններին։
Նշենք, որ Մրգավան գյուղի թիվ 12/42 ընտրական տեղամասում նաև փորձ է կատարվել օգնել քվեախցում գտնվող ընտրողին, այն էլ՝ վստահված անձի կողմից։ Միջադեպին միջամտել է «Հայկական վերածնունդ» կուսակցության վստահված անձը, ով նկատել էր ՀՀԿ-ի վստահված անձի կողմից քվեախցում ընտրողներից մեկին օգնելու փորձը և միջամտել։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՅՍԱՆ



