Հիշենք ու փառաբանենք մեր հերոս նահատակներին. Նորայր Միքայելի Հաջիյան
SOCIETYՆորայր Միքայելի Հաջիյանը առաջիններից մեկը կամավորագրվեց 2016թ. ապրիլի 2-ին: Արցախյան պատերազմի վետերանն այլ կերպ չէր էլ կարող վարվել: Եվ ահա արդեն ապրիլի 2-ի գիշերը նա Թալիշում էր ու մասնակիցն էր մարտական գործողությունների: Հերոսի մահով Նորայրն ընկավ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում: Նորայր Հաջիյանը ծնվել է 1976թ. հուլիսի 17-ին, Բաքվում, լրագրողի ընտանիքում։ 1988թ. հայտնի իրադարձությունների պատճառով տեղափոխվել է Երևան։ 1992թ. դեկտեմբերից մինչև 1995թ. օգոստոսի վերջերը տարբեր կամավորական ջոկատների կազմում (Արամո-114 ԵԿ գումարտակ, Կորյուն Ղումաշյանի ԵԿ գումարտակ, Արծիվ-24 ԵԿ ջոկատ) մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը (Կոռնիձոր, Շուռնուխ) և Արցախի ինքնապաշտպանությանը (Լաչին, Քելբաջար, Օմարի բարձունք, Ղուբաթլու, Մարտակերտ)։ 1997-1999թթ. ժամկետային զինծառայության է անցել ԼՂՀ Պաշտպանության բանակում (Ասկերանի պաշտպանական շրջան)։ 2015թ. օգոստոսին՝ Ադրբեջանի հերթական ագրեսիայի օրերին, կամավորագրվել և ակտիվորեն մասնակցել է Արցախի պաշտպանական մարտերին։ Ունի բարձրագույն կրթություն, տնտեսագետ էր։ Պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան» (04.05. 2007թ.), «Վազգեն Սարգսյան» (14.09.2011թ.), ԼՂՀ «Մայրություն» ՀԿ «Մայրական երախտագիտություն» (09.05.2009թ.) մեդալներով, ՀՀ «Արամազդ» հուշամեդալով, ԼՂՀ Նախագահի հրամանագրով (հետմահու)՝ «Մարտական ծառայություն» (05.04.2016թ.) մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու որդի։
Դիտվել է 141 անգամ



