«Ես ձեզ պետք է կոչ անեի ընտրել ՀՀԿ-ին, բայց չեմ անի․ ընտրեք՝ ում ուզում եք»․ Սերժ Սարգսյան
POLITICSՀՀԿ նախընտրական ամփոփիչ քարոզարշավի ժամանակ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ապրիլի 2-ին մենք խնկարկելու ենք ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը հետ շպրտելիս զոհված մեր տղաների շիրիմներին։ «Ապրիլի 2-ին մենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, նաև ընտրատեղամաս ենք գնալու՝ որոշելու համար մեր երկրի՝ գալիք 5 տարիների զարգացման ուղին։ Այս համընկնումը որքան պատահական, այնքան էլ ոչ պատահական է թերևս։ Մեզնից յուրաքանչյուրը քվեաթերթիկ է ընտրելու, ու շատ կարևոր է, որ ընտրելիս հստակ գիտակցի, որ քվեաթերթիկը նաև բանալի է, բանալի դեպի նոր զինատեսակներ ու զրահատեխնիկա, պաշտպանական նոր կառույցներ ու զորքերի տեղաբաշխման արդյունավետ սխեմաներ, դեպի խաղաղության պարտադրում և սահմանին կանգնած զինվորի անվտանգության հետևողականորեն ավելացում։ Ընտրել քվեաթերթիկ, նշանակում է ընտրել, թե ովքեր և ինչպես են լուծելու մեր թիվ մեկ խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Ովքեր են, որ պետք է խաղաղ բանակցությունների ճանապարհով հասնեն այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակչության կողմից, մի սկզբունք, որից մենք երբեք չենք հրաժարվելու: Ովքեր են, որ կկարողանան հաստատապես սատարել արդար լուծմանը միտված խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին: Եվ վերջապես քվեաթերթիկ ընտրելիս հարկ է ընտրել, իհարկե, լավ ապրելու համար, բայց չմոռանալով, որ լավ ապրելու համար նախ պետք է պաշտպանել լինելու, ապրելու իրավունքը, այլապես իմաստ չունի լավ կյանքի պատկերացումներից խոսել, եթե պատկերացում չունես, թե այդ կյանքի իրավունքն ինչպես պետք է պաշտպանել, ինչպես պետք է բռնել այդ կյանքի վրա բռնանալու պատրաստ ձեռքը։
Այս միջոցառման բնույթից ելնելով՝ ես հիմա ձեզ պետք է կոչ անեի ընտրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Բայց ես այդպես չեմ անի։ Ես կասեմ ընտրեք ում ուզում եք , բայց ընտրելիս հիշե՛ք, որ լավ ապրելու պայմանը միայն ու միայն տևական ու տքնաջան աշխատանքն է: Ես կասեմ՝ ընտրե՛ք ում կուզեք, բայց ընտրելիս հիշե՛ք զավակին բանակ ուղարկած մայրերին, ում սրտի յուրաքանչյուր հարվածը որդիների ապահով ծառայության վայրկյաններն է հաշվում: Հիշե՛ք սահմանամերձ գյուղում հակառակորդի դիպուկահարի նշանառության տակ ամեն առավոտ պայուսակն ուսերին դպրոց շտապող փոքրիկներին, ում վստահության աղբյուրը սահմանին կանգնած զորքի մարտունակությունն է։ Հիշե՛ք Արցախյան հերոսամարտում զոհված ընկերներին ու եղբայրներին սեփական ձեռքերով հողին հանձնած մեր հաղթական գեներալների ու սպաների՝ սառը ու արցունքը կորցրած հայացքները, ում կարծրացած սրտի գերագույն ջերմությունն իրենց զինվոր-սաների մարտական պատրաստության նոր ձեռքբերումներն են։
Հիշե՛ք այս պատկերները և ապրիլի 2-ին ընտրեք ում ուզում եք»,- հայտարարեց Ս. Սարգսյանը։



