Սուրեն Կարայանն ընդունել է լիբանանյան MEPTICO և Երևանում գործող Ice House ընկերության ներկայացուցիչներին
SOCIETYՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մարտի 30-ին ընդունել է Լիբանանում գործող MEPTICO ընկերության և Երևանում գործող Ice House ընկերության ներկայացուցիչներին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Լիբանանյան MEPTICO ընկերության ներկայացուցիչները ծանոթացրել են նախարարին ընկերության գործունեությանը։ Ներկայացնելով արտադրության լայն տեսականիին՝ հյութերի և աղանդների փոշիներ, խմորեղենի խառնուրդներ, մածուկներ և այլն, նրանք նշել են, որ 40 տարվա պատմություն ունեցող MEPTICO ընկերությունը, որն այսօր իր արտադրանքն արտահանում է աֆրիկյան, եվրոպական և արաբական ավելի քան 35 երկրներ, մտադիր է ձեռնարկություն հիմնել Հայաստանում և արտադրանքն արտահանել ԵԱՏՄ շուկա։
Լոգիստիկ ծառայություններ մատուցող Ice House ընկերության ներկայացուցիչն իր հերթին համառոտ տեղեկացել է Հայաստանում և մի շարք այլ երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում, ընկերության գործունեության մասին և պատրաստակամություն հայտնել համագործակցել լիբանանյան ընկերության հետ՝ կազմակերպելով վերջինիս արտադրանքի իրացումը ՌԴ շուկայում հայտնի առևտրական ցանցերի միջոցավ։
Սուրեն Կարայանը ողջունել է գործարարների մտադրությունը և վստահեցրել, որ նախարարությունը պատրաստ է ուղղորդել և աջակցել իրենց՝ ներկայացված գաղափարն իրականացնելու համար։



