Անահիտ Բախշյան. «Ենոքավանը միակ պահանջատեր համայնքն էր». «Փաստ»
INTERVIEW
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստը» զրուցել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանի հետ, լսել նրա՝ քարոզարշավի վերաբերյալ գնահատականը:
– Տիկին Բախշյան, այս ընթացքում հանդիպումները ժողովրդի հետ ինչպե՞ս են անցել, ինչպե՞ս կգնահատեք ձեր քարոզարշավը:
– Հենց այս վայրկյանին մենք Ենոքավան գյուղում էինք, որը միակ գյուղն է, որը լուրջ պահանջներ է ներկայացրել այն քաղաքական ուժին, ում պիտի ընտրի: Նրանք ուսումնասիրել են բոլոր ուժերի ծրագրերի տնտեսական հատվածները և տեսել, որ «Ազատ դեմոկրատների» ներկայացրած տնտեսական ծրագիրը և իրենց պահանջները շատ ընդհանուր կետեր ունեն: Այսօր մենք գյուղում հանդիպեցինք ժողովրդի հետ, և ես, Հրանտ Բագրատյանն ու Խաչատուր Քոքոբելյանը ստորագրեցինք այդ պահանջերի տակ:
– Ի՞նչ են պահանջել իրենք:
– Իրենք դեմ են խոշորացմանը: Իրենք տեսել են մեր ծրագրում այդպիսի կետ, լսել են Հրանտ Բագրատյանին, ով նույնպես դեմ է քվեարկել խոշորացման ծրագրին, և շատ խելացի կետեր են ներկայացրել իրենց պահանջի մեջ, որոնք էլ համընկնում են մեր ծրագրի հետ:
– Զավեշտալի պահեր եղե՞լ են:
Միայն որոշ գյուղերում իրենց բարբառով բան են ասում, իրար երեսի ենք նայում, չենք հասկանում: Մեկը անպայման կողքից թարգմանում է: Նման բաներ հիմնականում Տավուշում է եղել: Այն յուրահատուկ բարբառ ունի և շատ ջերմ ու խելացի ժողովուրդ:
Բոլոր տեղերում է ժողովուրդը խելացի, բայց իրենք իրենց որոշումներ կայացնողների մեջ չեն տեսնում: Սա ամենավատ բանն է, երբ գյուղացին իր համայնքին վերաբերող որոշումը թողնում է վերևներում, ասում է՝ դուք որոշե՛ք:
Չնայած որոշումը լինելուց հետո էլ՝ իրենք համաձայն չեն լինում: Սա հակաժողովրդավարական քայլ է, որը արմատացած է մեր գործող իշխանության գործելաոճի մեջ տարիներ շարունակ:
– Քաղաքային և գյուղական համայնքների բնակիչների ընդունելության մեջ տարբերություն զգացե՞լ եք:
– Այո՛, գյուղերում ավելի մտերմիկ են, գալիս են շուրջդ հավաքվում, շատ անբռնազբոսիկ զրույցներ ու կատակներ են լինում, իսկ քաղաքներում որոշակի դիստանցիա կա: Գալիս են, մի 2 մետր հեռավորության վրա շարվում:
– Տիկին Բախշյան, հաշվի առնելով, որ պարոն Քոքոբելյանը, Բագրատյանը գործող պատգամավորներ են, նրանց աշխատանքը մարդիկ տեսել են, դրա հետ կապված ինչ–որ բողոքներ, դժգոհություններ, ասելիքներ կամ առաջարկներ չե՞ն եղել ընտրողների կողմից:
– Ցավոք, մեր ժողովուրդը պատրաստված չի գալիս հանդիպումների, որ գա ասի՝ լսի՛, դու արդեն 5 տարի պատգամավոր ես եղել, հիմա ինձ պատմի, թե ինչ ես արել: Բայց մեր պատգամավորները՝ Խաչատուր Քոքոբելյանն ու Հրանտ Բագրատյանը միանգամից ներկայացնում են, թե անցած 5 տարիներին ինչ են արել: Բայց լավ կլինի, որ հետաքրքրվեն, իրենց տարածաշրջանի հետ կապված հարցեր արծարծեն: Միակ համայնքը Ենոքավանն էր, որ շատ հստակ դրեց իր պահանջները, մենք էլ ստորագրեցինք դրանց տակ, ինչը նշանակում է, որ խոստացանք տեր կանգնել դրանց:
– Նաև նշանակո՞ւմ է, որ Ենոքավանը ձեզ կաջակցի ընտրություններում:
– Այո՛, նրանք դա չթաքցրեցին:
– «Ազատ դեմոկրատները» կլինե՞ն խորհրդարանում:
– Ժողովրդի կամքով կլինենք խորհրդարանում:
– Ինչպե՞ս եք ավարտելու ձեր քարոզարշավը:
– Այսօր գնում ենք Լոռի, վաղը կլինենք Երևանում: Ես անձամբ վաղը երեկոյան գնալու եմ եկեղեցի, ծնկի գամ, աղոթեմ և ասեմ՝ Տեր Աստված, որը բարին է, թող դա էլ կատարվի: Մենք սրտանց ուզում ենք ծառայել մեր ժողովրդին, մնացածը Աստծո ձեռքին է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:




















































