Կարելի է անթիվ ու անհամար խոստումներ տալ, բոցաշունչ ճառեր ասել, բայց որքանո՞վ է այդ ամենն իրատեսական. Հարություն Կարապողոսյան
INTERVIEW
-Ձեր հարցազրույցներում բազմիցս նշում եք, որ անմիջականորեն շփվում եք ընտրողների հետ, զրուցում: Ի՞նչ խնդիրներ են բարձրանում մարդիկ, ինչի՞ց են դժգոհ, ի՞նչ պահանջներ են ներկայացնում Ձեզ՝ որպես ապագա պատգամավորի:
- Ճիշտ եք նկատել, ես միշտ էլ քարոզարշավի ընթացքում շփվում եմ հանդիպման եկած մարդկանց հետ, զրուցում քաղաքացիների հետ: Սակայն մինչ այս էլ շատ լավ տեղեկացված եմ այն խնդիրներից, որոնք այսօր ունի հայ մարդը, որոնցով ապրում է ու փորձում հաղթահարել: Դա այն բանի շնորհիվ, որ չեմ ապրում մեկուսի կյանքով, իմ կենսակերպը դա թույլ տալ չի կարող: Խնդիրները շատ են ու բազմաբնույթ՝ սկսած սոցիալականից՝ վերջացրած մշակութայինով: Շատ հարցեր արդեն գտել են իրենց լուծումները, բայց շատ անելիքներ դեռ կան: Հիմնականում բարձրացվում են համայնքային բարեկարգման խնդիրներ, զբաղվածության ապահովման, աշխատատեղերի ստեղծման, տնտեսական զարգացման, մշակութային կենտրոնների զարգացման և նմանատիպ բազմաթիվ հարցեր: Դրանք բոլորը հատ առ հատ բարձրաձայնվելու են Ազգային ժողովում՝ արդյունավետ լուծումներ գտնելու և դրանք կյանքի կոչելու նպատակով:
-Իսկ հավատ ու վստահություն կա՞ մարդկանց մեջ, որ մի օր այդ ամենն իսկապես իրականություն կդառնա, կլուծվեն տարիներովիրենց անհանգստացնող խնդիրները:
- Մարդկանց մեջ վստահություն ու հավատ սերմանելն ամենաբարդ գործերից մեկն է, և դա ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ հաճախ չեն արդարացվում հույսերն ու ակնկալիքները: Կարելի է անթիվ ու անհամար խոստումներ տալ, բոցաշունչ ճառեր ասել, բայց որքանով է այդ ամենն իրատեսական: Այո՛, կան խնդիրներ, և դրանք պետք է լուծվեն, բայց իրատեսականորեն, ռեալ ճանապարհներով: Վստահություն կարելի է սերմանել ընտրողի հետ անկեղծ լինելով, ցույց տալով, որ ամեն ինչ լուծելի է, սակայն անհրաժեշտ է համառ աշխատանք, համատեղ ուժերի գործադրում և արդյունքը տեսանելի կլինի:
-Սա նշանակում է, որ ժամանա՞կ է պետք՝ տեսնելու այդ արդյունքը, կարծում եք մեր ժողովուրդը պատրա՞ստ է նորից սպասել:
- Ամեն տեսակի արդյունք էլ ժամանակ է պահանջում, և ոչ մեկ չի ասում, թե սպասել է պետք. պետք է գործել: Պետք է շարունակել կիսատ թողածը: Աշխատանքն ամենօրյա պետք է լինի, մի անգամ ինչ որ բան անելով կամ փոխելով՝ մի օրում չենք ստանալու մեր ուզած պետությունը: Մենք ամեն օր՝ քայլ առ քայլ պետք է կառուցենք մեր երկիրը, չպետք է սպասենք, որ երկնքից մանանա է թափվելու կամ փրկիչ է գալու ու լուծի մեր բոլոր խնդիրները: Ամեն մեկս մեր տեղում մեր գործը լավ անելով՝ ավելի աբողջական ու շոշափելի կարող ենք դարձնել մեր լավագույն ապագայի տեսլականը:




















































