Վարդենյաց լեռնանցքում ձյան մեջ մեքենաներ են արգելափակվել
SOCIETY
Մարտի 27-ի լույս 28-ի գիշերվա ընթացքում գրանցված տեղումների և բքի հետևանքով Վարդենյաց լեռնանցքում փակվել է Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհը, և ձյան մեջ խցանվել են մի քանի ավտոմեքենաներ:
Մարտունի-Գետափ ճանապարհի սպասարկումն իրականացնող ընկերության պատասխանատու Աղասի Ղուկասյանն «Արմենպրես»-ին ասել է, որ ճանապարհը ձյան շերտով լցվել-փակվել է Յանըղ-Քարվանսարա հատվածում, մոտ 3 կիլոմետր երկարությամբ, որի մաքրման աշխատանքներն առայժմ չեն իրականացվում շարունակվող բքի պատճառով:
Փոխարենը ճանապարհաշինարարներն աշխատում են խցանված մեքենաներն ազատել ձյան կապանքներից:
«Մարտունու կողմից գիշերը փակվել է ճանապարհը և դադարեցվել երթևեկությունը դեպի Վայոց ձորի մարզ: Բայց Վայոց ձորի կողմից այն ժամանակին չի դադարեցվել, ինչի արդյունքում էլ մի քանի մեքենա Վարդենյաց լեռնանցքում խցանվել մնացել են, որոնք դուրս բերելու համար այժմ աշխատում են ճանապարհաշինարարները: Իսկ մաքրման աշխատանքները կձեռնարկենք բքի հանդարտվելուն պես»,-ասել է Աղասի Ղուկասյանը:



