Լեհաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Մինսկում ցուցարարների նկատմամբ Բելառուսի իշխանությունների գործողությունները
INTERNATIONAL NEWSԼեհաստանի արտգործնախարարությունն անհանգստություն է հայտնել Բելառուսի իշխանությունների գործողությունների կապակցությամբ, որոնք խոչընդոտել են Մինսկում մարտի 25-ին խաղաղ ցույցի անցկացումը: Համապատասխան հայտարարությունը տարածել է գերատեսչությունը, հայտնում է ТАСС-ը:
«ԱԳՆ-ն կոչ է անում դադարեցնել իրավապահ մարմինների կողմից ուժային մեթոդների կիրառումը և անմիջապես ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին: Կանխարգելիչ ձերբակալությունները, ինչպես նաև լրագրողներին և ոչ կառավարական կազմակերպությունների գործիչներին ահաբեկելը, ինչպես նաև Մինսկում ցուցարարների համար ցույցի վայր հասնելու հնարավորությանը խոչընդոտելը հիմնարար քաղաքացիական իրավունքների և մարդու իրավունքների խախտման օրինակներ են»,- նշել է Լեհաստանի ԱԳՆ-ն:
«Հիմքերը, որի վրա ԵՄ-ն ցանկանում է կառուցել Բելառուսի հետ հարաբերությունները, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, այդ թվում խոսքի, հավաքների ազատությունը հարգելն է»,- ընդգծել է Լեհաստանի արտգործնախարարությունը:
Մարտի 25-ին Մինսկում Բելառուսի իշխանությունների քաղաքականության դեմ չարտոնված ցույցի ժամանակ իրավապահները ոչ պաշտոնական տվյալներով բերման են ենթարկել ցույցի մոտ 300 պոտենցյալ մասնակցի: Նախապես պլանավորված, բայց չարտոնված երթն այդպես էլ տեղի չի ունեցել:



