Թուրքիայի իշխող ԱԶԿ կուսակցությունը չեղյալ է հայտարարել Գերմանիա կատարվելիք այցերը
INTERNATIONAL NEWSԹուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության արտասահմանում ընտրությունների համակարգման կենտրոնը չեղյալ է հայտարարել սահմանադրական հանրաքվեի շուրջ քարոզչության շրջանակներում դեպի Գերմանիա պլանավորված այցերը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Մարտի 21-ի առավորտյան Արդարություն և զարգացում կուսակցության Հոլանդիայի նախընտրական շտաբի պետ Մուստաֆա Ասլանը հայտնել է, որ թուրք նախարարները հանրաքվեի շուրջ Հոլանդիայում քարոզչություն չեն իրականացնելու:
Արդարություն և զարգացում կուսակցության՝ Քյոլնում գտնվող խոսնակը հայտարարել է. «Առաջիկայում Գերմանիայում պլանավորված բոլոր նախընտրական այցերը չեղյալ են համարվում, որոշումը եկել է Անկարայից»:
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը մարտի 20-ին խստորեն դատապարտել էր կանցլեր Անգելա Մերկելին «նացիստական գործելաոճ» ունենալու մեջ մեղադրող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Բարեկամական երկրի նախագահի կողմից այս երկրի վարչապետին նման կերպով նվաստացնելն ամբարտավանություն է: Անհրաժեշտ է Էրդողանին բացատրել, որ ՆԱՏՕ-ի անդամ և ԵՄ անդամակցության թեկնածու երկրի նախագահը չի կարող խախտել միջազգային դիվանագիտության օրենքները, մինչդեռ նա երկրի նախագահին ոչ հարիր դիրքորշում է ցուցաբերում»,- նշել է Շուլցը:
Նա նաև դեմ էր արտահայտվել թուրք գործիչների կողմից Գերմանիայում սահմանադրական հանրաքվեի շրջանակում քարոզարշավի իրականացմանը` ասելով. «Դիվանագիտական անձեռնմխելիությունը կուսակցական քաղաքականություն դարձրածները Գերմանիայում տեղ չունեն»:
			
			
			
			
			
				
			
			
			


