Եթե բան փոխվի՝ առաջինը մարզպետն ու քաղաքապետն են դուրս գալու. Ծառուկյանը՝ կապանցիներին
POLITICSPast.am-ն արդեն հայտնել է, որ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սյունիքի մարզում է: «Բոլոր խնդիրները մենք գիտենք, բոլոր խնդիրներին տիրապետում ենք: Անգիր արած հայտարարություններ չենք անում: Հայաստանում այսօր փոքր ու միջին բիզնեսը խայտառակ վիճակում է, ժողովրդի 60 տոկոսը փոքր ու միջին բիզնեսով է ապրում, բայց դրա կշիռն ընդամենը 1 տոկոս է կազմում: Եթե այսպես շարունակվի, ապա մեկ տարուց փոքր ու միջին բիզնեսի կշիռը բյուջեում կլինի 1 տոկոսից էլ ցածր»,- Կապանում հայտարարեց նա:
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ Սյունիքը պետության սիրտն է, այստեղ է տեղակայված հանքարդյունաբերությունը: «Հայաստանը գազ ու նավթ չունի, բայց մոլիբդեն ու պղինձ ունի: Պղնձամոլիբդենային կոմբինատը 25-30 տոկոս շահույթ է ապահովում, բայց դա որևէ կերպ դա չի անդրադառնում մարզի բնակչության կյանքի որակի վրա: Իսկ այդ որակը պետք է փոխվի, այդ իսկ պատճառով, 50+1 ձայն ստանալուց հետո, երբ կյանքի կկոչվեն «Ծառուկյան» դաշինքի առաջնահերթ 15 կետերը, հաջորդ ուշադրությունը ուղղվելու է մարզերի համաչափ զարգացմանը, ինչպես նաև «Գերշահույթի մասին» օրենքի ընդունմանը»,- ասաց Ծառուկյանը:
ԲՀԿ նախագահը խոսեց նաև մարդկանց ահաբեկումների և վախի մասին. «Մարզպետը լինի, քաղաքապետը լինի, թե կոմբինատի տնօրենը` ոչ մեկին խաթր մի արեք ու մի վախեցեք, այլապես հաջորդ տարիներին ավելի վատ է լինելու: Նրանք բոլորը քամի են անում իրենց տեղը պահելու համար, իրենց գործին մնալու համար: Եթե բան փոխվի` առաջինը իրենք են դուրս գալու, որովհետև իրենց նշանակել են, որ մարդկանց մատից փուշ հանեն, ոչ թե մարդկանց ահաբեկեն ու մտածեն, թե ամբողջ կյանքում լինելու են այդ պաշտոնին»:
Լևոն Փանոսյան



