Թուրքիայի իշխող ԱԶԿ պատգամավորները լքել են թուրք-հոլանդական միջխորհրդարանական բարեկամության խումբը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության պատգամավորները լքել են Թուրքիայի մեջլիսի թուրք-հոլանդական միջխորհրդարանական խումբը:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Ստամբուլի և հոլանդական Ռոտերդամ քաղաքի միջև առկա եղբայրական կապերի վերաբերյալ հուշագիրը խզելու հանձնարարականից հետո մեջլիսի թուրք-հոլանդական միջխորհրդարանական բարեկամության խմբի ԱԶԿ-ական պատգամավորները դադարեցրել են խմբին իրենց անդամակցությունը:
«Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների կողմից թուրք-հոլանդական միջխորհրդարանական բարեկամության խումբը լքելուց հետո խմբից դուրս են եկել նաև «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորները:
«Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) այն պատգամավորները, որոնք հանդիսանում են թուրք-հոլանդական միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ, լքում են այդ խումբը»,- նշել է ԱՇԿ-ի նախագահի տեղակալ Ստամբուլից ընտրված պատգամավոր Սեմիհ Յալչըն:
Թուրքիայի և Նիդերլանդների միջև հարաբերությունները խիստ լարվել են այն բանից հետո, ինչ հոլանդական կողմն արգելեց թուրք քաղաքական գործիչներին և մասնավորապես արտգործնախարար Չավուշօղլուին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալ իր տարածքում: Ավելի ուշ Նիդերլանդները թուրք նախարարների ինքնաթիռներին չթույլատրեց վայրէջք կատարել իր տարածքում: Ավելին, Նիդերլանդները Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերի նախարարին «անցանկալի անձ» հայտարարեց ու արտաքսեց երկրից:
Պաշտոնական Անկարան բողոքի երկու նոտա է հղել հոլանդական կողմին: Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է Նիդերլանդների հետ բարձր մակարդակի հարաբերություններն առկախելու որոշման մասին` պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել կատարվածի համար:



