ՀՀ Նախագահը Մոսկվայի Սբ Պայծառակերպություն եկեղեցում ներկա է գտնվել առավոտյան ժամերգությանը
POLITICSՊաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Մոսկվայի Սբ Պայծառակերպություն մայր տաճար: Մուտքի մոտ նրան դիմավորեց Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել առավոտյան ժամերգությանը և մոմավառությանը, այնուհետև առանձնազրույց ունեցավ թեմի առաջնորդի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը թեմի կողմից ՀՀ Նախագահին նվիրեց սրբապատկեր, Սբ Պայծառակերպություն եկեղեցական համալիրի լուսանկարների ֆոտոալբոմը և Ռուբեն Գալչյանի «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ» եռալեզու գիրքը:
Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարը Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի եկեղեցին է։ Ճարտարապետն է Արտակ Ղուլյանը։ Եկեղեցու շինարարությունը սկսվել է 2006 թվականից, և ավարտվել է 2011 թվականին։ Բացման արարողությունը տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Գարեգին Բ կաթողիկոսի գլխավորությամբ։ Ներկա են եղել 700 հազար հայեր, հյուրեր աշխարհի տարբեր կողմերից: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ն ևս մասնակցել են եկեղեցու բացմանը։



