Թուրքիայում քաղաքացիները ցանկացել են լինչի դատաստանի ենթարկել նորվեգացի լրագրողին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համակիրները Ստամբուլի Շիշլի թաղամասում փորձել են լինչի դատաստանի ենթարկել մի նորվեգացի լրագրողի, ում հոլանդացի են կարծել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Evrensel-ը:
Դեպքի վայրում գտնվող ոստիկանները հետևել են իշխող կուսակցության գործողություններին և չեն միջամտել:
Թուրքիայի և Նիդերլանդների միջև հարաբերությունները խիստ լարվել են այն բանից հետո, ինչ թուրք նախարարների ինքնաթիռներին չի թույլատրվել վայրէջք կատարել Նիդերլանդներում: Ավելի վաղ երկրում արգելվել էին նրանց ելույթները: Ավելին, Նիդերլանդները Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերի նախարարին «անցանկալի անձ» է հայտարարել ու արտաքսել երկրից:
Պաշտոնական Անկարան բողոքի երկու նոտա է հղել հոլանդական կողմին: Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է Նիդերլանդների հետ բարձր մակարդակի հարաբերություններն առկախելու որոշման մասին:



