Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Թե ինչպես Վազգեն Սարգսյանից հետո սահմանապահ զորքերի շնաբուծարանը վերածվեց խոզաբուծարանի. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդն է կարևորագույն կապիտալը: Այսպես է ընդունված ասել: Մեր Սահմանադրությունն էլ է շեշտը դրել այս կոնցեպտի վրա: Համենայնդեպս, Սահմանադրության հեղինակներն այդպես են ներկայացնում: Իսկ մարդ ասելով առաջին հերթին պետք է հասկանանք նաև մասնագետին: Որովհետև մարդ- մասնագետն է օգտակարության աստիճանով գերակա հասարակություններում:

Հիմա մենք ունենք մի եզակի մասնագետ` շներին վարժեցնող Արմեն Մարտիրոսյանը: Սա բացառիկ մասնագիտություն է մեր երկրի համար: Ինձ թվում է երկրորդը չենք ունեցել մեր պատմության վերջին ժամանակներում: Ես գոնե տեղյակ չեմ:

Ու այս մարդն այսօր պարզապես անգործ է. ոչինչ չի անում: Այսինքն` օգտակար գործողության գործակից չունի մեր երկրի կյանքում: Այն դեպքում, երբ նման բացառիկ մասնագետին դրսի աշխարհում կարող են ձեռքից ձեռք խլել: Որովհետև մարդու հավատարիմ բարեկամները մեր կյանքի շատ ոլորտներում են օգտագործվում: Հատկապես երկրի պաշտպանության ոլորտում, նաև` փրկարար ծառայության մեջ: Հարկ չկա ասելու, որ կենցաղում էլ վարժեցրած շունն իր անելիքն ունի: Բայց տվյալ դեպքում սա չէ մեզ համար կարևորը:

Կարևորը պաշտպանական ոլորտն է, նաև փրկարար ծառայությունը, ուր կարող են օգտագործվել Արմեն Մարտիրոսյանի ընդունակություններն ու մասնագիտական հմտությունները: Իսկ Արմեն Մարտիրոսյանը, այսպես ասած, նոր մարդ չէ այս գործի մեջ: Բնատուր հատկանիշներով օժտված մարդը մի օր հասկացավ, որ իր կյանքի գործը շների հետ աշխատելն է, նրանց վարժեցնելը:

Անգամ երեխա ժամանակ էին այդ հատկանիշներն ի հայտ եկել: Երբ շուրջն էր հավաքում թափառող շներին ու կարդում նրանց աչքերում կուտակված դժգոհությունը, վախն ու տագնապը: Ինչո՞ւ դժգոհ չլիներ թափառող շունը, երբ ամբողջ օրը հալածվում էր. այստեղից քշում էին այնտեղ, այնտեղից` այնտեղ: Ու մի օր էլ շուն հավաքողներն էին հայտնվում ու տանում գյուլելու: Արմենն այս ամենը տեսնում էր դժբախտ կենդանիների աչքերում ու հասկանում նրանց: Ու քանի որ նա հասկանում էր կենդանիներին, կենդանիներն էլ ենթարկվում էին իրեն, սիրում ու նվիրվում էին:

Այնպես որ, դեռ մանկուց, թեկուզ` ենթագիտակցորեն, նրա մոտ ծնվեց շների հետ աշխատելու և շներին վարժեցնելու իր առաջնային բանաձևը, որն ուղեկցեց նրան իր աշխատանքային գործունեության ողջ ընթացքում: Նաև երբ արդեն ճանաչված մասնագետ էր ոչ միայն նախկին Խորհրդային Միությունում, այլև աշխարհում: Իսկ ապա նաև մեզ մոտ` անկախ Հայաստանում: Բանաձևը հետևյալն էր` շներին սիրելը քիչ է, որպեսզի նվիրվեն քեզ, շներին պետք է նախ և առաջ հասկանաս, նրանց հոգեբանը լինես: Այդ դեպքում արդեն շունը կանի այն, ինչ նրան կասես, այդ դեպքում արդեն կվարժեցնես նրան:

…17 տարեկան էր Արմենը, երբ գնաց սովորելու Ռոստովի շնաբուծության ակումբում: Հայաստանում նման հաստատություն չկար: Բայց կարճ ժամանակ անց արդեն հասկացավ, որ այստեղ դասավանդվող մեթոդը հակասում է իր ընկալումներին. շանը չպետք է զոռով վարժեցնես: Այնպես պետք է անես, որ շունը կամենա անել այն, ինչ դու ցանկանում ես:

Եվ ուսումը կիսատ թողեց ու վերադարձավ Հայաստան:

Հետո գնաց սովետական բանակ: Այստեղ տեսան զինվորի բացառիկ ընդունակություններն ու օգտագործեցին այն: Ծառայեց շնաբուծարանում: Վարժեցրեց շներին ռազմական տարբեր գործողություններ կատարելու համար: Ավելին` հասկանալով, թե որքան անհրաժեշտ են այս մարդու գիտելիքները պաշտպանական ոլորտի համար, ծառայության ժամկետը լրանալուց հետո նրան չհանեցին զինվորական հաշվառումից: Պահեցին իրենց մոտ ու կրկին օգտագործեցին նրա հնարավորությունները: Այստեղ էր` Ուկրաինայում, որ երիտասարդ վարժեցնողը, առաջին անգամ պատմության մեջ, կատարեց իր էքսպերիմենտը` շների ձագերի հետ, նրանց մեջ, խնամեց ու մեծացրեց գայլի ձագին: Արդյունքն առավել քան ցնցող էր. գայլը «հաղթեց» բոլոր շներին ու իր գայլային օրենքները պարտադրեց նրանց: Շներից ստեղծեց իր ոհմակը, ու տարբեր-տարբեր հետաքրքիր իրավիճակներում տարբեր հետաքրքիր գործողություններ կատարեցին:

Ի դեպ, այդ մասին Ռուսաստանում հրապարակվեց առանձին գիրք` «Դունայը և իր ոհմակը» վերնագրով: Անգամ այն ֆիլմ դարձնելու նախաձեռնողներ ի հայտ եկան: Սակայն ծրագիրն իրականություն չդարձավ, քանի որ ֆինանսական միջոցները չբավականացրեցին:

Այստեղից սկսվեցին իր թափառումներն արդեն Ճամբարակի սարերում: Մի նպատակ դրեց իր առջև` վարժեցնել նաև գայլերին. շների հետ հարաբերվելը քիչ էր: Ավելի բարձրանալ իր մասնագիտական կարողությունների մեջ և դառնալ առաջին գայլ վարժեցնողն աշխարհում:

Այդպես էլ եղավ: Վեց ամիս ապրեց գայլերի հետ ու դարձավ նրանց ոհմակի անդամը: Իսկ թե ինչ եզրակացություն եկավ գայլային բնույթն ուսումնասիրելիս, երկար պատմություն է, և այստեղ դրան չենք անդրադառնա:

Հետո սկսվեց Արցախյան պատերազմը, հետո եկան հարաբերականորեն խաղաղ ժամանակները: Իր խոսքով` Արմեն Մարտիրոսյանի, Վազգեն Սարգսյանը կռված տղերքին գնահատում էր, մասնագետներին գնահատում էր. «Ես ա՛յդ մասնագետն էի` ինձ իմ գործին դրեց: Նա հարգում ու ծափահարում էր իմ աշխատանքը»:

Սահմանապահ զորքերում ստեղծեցին շնաբուծարան, և Արմեն Մարտիրոսյանը նշանակվեց պետ: Զբաղվում էր իր համար սիրելի, իսկ երկրի, հատկապես բանակի համար` կարևոր գործով: Վարժեցնում էր թիկնապահ շներ, ականազերծող շներ, հետքով տանող շներ, սահմանի վրա կանգնող ու սահմանը հսկող շներ, նաև` փրկարար շներ:

Եվ ամենակարևորը` վարժեցնում էր հետախույզ շներ: Իսկ հետախույզ շուն պատրաստելն արդեն այլ բան էր, այն շանը հրաման տալ չի նշանակում ընդամենը, որ շունն էլ կատարի: Հետախույզ շունը պետք է հասկանա մարդկային լեզուն, որովհետև երբ ռացիան փակցնում ես դոշին և ուղարկում թշնամու թիկունք, նրա հետ արդեն վարժեցնողը խոսում է: Ու մարդն ու շունը հասկանում են միմյանց լեզու:

Այս գործի համար սովորաբար պահանջվում են ունիվերսալ ընդունակություններով շներ: Դրանք հիմնականում գերմանական հովվաշներն են: Արմեն Մարտիրոսյանը ավելի շատ հենց այս շների հետ է աշխատել ու նրանցից պատրաստել հետախույզներ:

Բայց հետո, երբ արդեն Վազգեն Սարգսյանը չկար, շնաբուծարանը փակվեց: Տեղում սկսեցին խոզեր բուծել: Դե, խոզն ավելի ձեռնտու է. ինքն է կեր դառնում: Իսկ շների պարագայում դո՛ւ նրանց պետք է կերակրես, ոչ թե նրանցով կերակրվես:

…Ու մինչև հիմա այս մարդն այլևս օգտակար չի լինում մեր երկրին: Խոզը փոխարինեց շանը, իրենով կերակրեց մեր զինվորին ու սպաներին: Բայց, ա՛յ, զինվորի կյանքն արդեն դարձավ ավելի անպաշտպան: Զնվորն այլևս երկրորդ գծի վրա չէ, երբ առաջին գծում իր կենդանի բարեկամն էր` շունը: Նրա հետ չէ այլևս իր առաջին ընկերը, թիկնապահը, հուշողը, իր առջևից գնացողը…

Արմեն Մարտիրոսյանի հիշողություններն են` «Երբ սահմանում շուն էր զոհվում, գնում ու հետ չէր գալիս, երևի միակ լացողը ես էի լինում: Բայց ամեն դեպքում գիտեի, որ զինվորը կենդանի մնաց»:

Հիմա այդպես չէ, զինվորի ընկեր շունը չկա, որ կիսի դիրքերում կանգնած զինվորի վտանգները:

Պահ է եղել, որ զինվորն էլ չի կարողացել դիմանալ. ավտոմատը գցել է շան առաջ ու պառկել է աչքը կպցնելու: Շունը զինվորից էլ լավ է հսկել սահմանը: Այս մասին պատմում է մասնագետը, ապա բացատրում` «Իսկ գիտե՞ք, թե ինչու են շներին վարժեցնում գիշերները: Որովհետև գիշերը շան ռեֆլեքսը երեք անգամ ուժեղանում է: Նա առավել ընկալունակ է դառնում շրջապատի նկատմամբ: Ուստի մթության մեջ անվրեպ նկատում է սահմանի վրա եղող տեղաշարժերը: Չնկատի էլ` զգում է: Էն, որ շունը պահի տակ ականջները տնգում է, պատահական չէ: Ուրեմն ինչ-որ բան կա որսալու: Այդ ժամանակ նրա ականջները պարզապես անտենաներ են: Մի ծպտուն, մի ձայն, ու ականջները ֆռում են այդ կողմը»:

Եվ ի՞նչն է հատկանշականը. շների` նման գործողությունների կադրերը կան. պահում է Արմեն Մարտիրոսյանը: Դրանք տեսագրություններ են հիմնականում, որտեղ սահմանապահ շունն իր ծառայության մեջ է:

Մի խոսքով, այսօր մեր բանակն այլևս չունի շնաբուծարան, և այլևս չկան զինվորի առաջին օգնականները` վարժեցված շները:

Սահմանապահ դիրքերում լիքը շներ կան, որոնք գալիս են կերակուրի մնացորդների հետքերով ու հավաքվում են զինվորի կողքին: Բայց նրանք զինվոր-շներ չեն: Չգիտեմ` ի՞նչ են անում: Գուցե կիսո՞ւմ են զինվորի մենակությունը սահմանի վրա և այլն, և այլն: Բայց նրա «զինակից» ընկերները չեն:

Եվ այստեղ առկա է խնդրի երկրորդ կողմը. ոչ միայն չենք օգտագործում շուն վարժեցնողի հնարավորությունները և մեր բանակին չենք տալիս վարժեցված շներ, այլև չենք օգտագործում նրա հնարավորությունները մասնագետներ պատրաստելու առումով: Իսկ մենք այսօր չունենք և ոչ մի նման մասնագետ:

Այս բացառիկ մարդու բացառիկ հնարավորությունները չեն օգտագործում նաև մեր փրկարար ծառայության ոլորտում: Մինչդեռ դեռևս երկրաշարժի տարիներին երիտասարդ վարժեցնողն իր շներից չորսին ուղարկեց աղետի գոտի: Այս շները ոչ միայն փլատակների տակից հանում էին դիակներ, ինչպես այլ երկրներից բերված փրկարար շներն էին անում, այլև գտնում ու հանում էին նաև կենդանի մարդկանց: Ու հեղինակն ինքն էլ բացատրությունը տալիս է` հավանաբար դրսի այդ շներին այնքան էին պահել անատոմիկներում, որ վարժվել էին միայն մեռած մարդու հոտին ու գնում էին այդ հոտի ուղղությամբ: Իսկ իր պարագայում այդպես չէր. իր փրկարար շներին վարժեցնելու մեթոդն այլ էր:

Հիմա` հարցս այսքան երկար շարադրանքից հետո: Մեզ ի վերջո հարկավո՞ր է նման մասնագետ, թե` ոչ: Անհրաժե՞շտ է, որ մենք այս մարդու աշխատանքային արդյունքն օգտագործենք մեր կյանքի ամանացավոտ ու ամանակարևոր ոլորտներում` պաշտպանական համակարգում և փրկարար ծառայության մեջ: Ո՛չ պատերազմն է ավարտվել մեզ համար, ո՛չ էլ տեղափոխվել ենք սեյսմակայուն գոտի: Կամ էլ ապահովագրված ենք տեխնածին աղետներից:

Եթե նման մասնագետին կորցնենք, որին արդեն իսկ ունենք և որը մեր կողքին է այսօր, վաղը նման խնդիր լուծելու համար ո՞ւմ ենք դիմելու: Չնայած, սա էլ կա` նման շնաբուծարան կբացենք դրսից ներգրավված միջոցներով, ասենք` վարկերով, որը, դե, համ էլ նաղդ փող է մեր ձեռքին:

Իսկ այսօր համապատասխան գերատեսչությունները մի պատասխան են տալիս` այդ գործի համար հաստիքներ նախատեսված չեն, չունե՛նք: Իսկ հաստիքներ չունենք, որովհետև ֆինանսական միջոցներ չկան: Դե, այդ գործն ահագին ծախսեր է պահանջում. Որտեղի՞ց մեզ:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign