Գլենդելի հիվանդանոցը հայկական հիմնադրամին 22 հազար դոլար է նվիրաբերել
SOCIETYԳլենդելի «Dignity Health Glendale Memorial Hospital» հիվանդանոցն ու հաստատության հիմնադրամը Հայ օգնության միության (ՀՕՄ) տեղական կառույցին 22 հազար դոլար է նվիրաբերել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման առիթով: Այս մասին գրում է տեղական «Glendale News-Press» պարբերականը:
Նվիրատվությունը կատարել են հիվանդանոցի աշխատակիցները: Հիվանդանոցի հիմնադրամի փոխնախագահ Ուեյն Էրրոնի խոսքով, նախապես ինքը մտածում էր, որ ընդամենը մի քանի հազար դոլար կհավաքվի: «Եթե բարեգործությամբ եք զբաղվում, եթե հուզում եք մարդկանց սրտերը, նրանք կարձագանքեն»,- հավելել է Էրրոնը:
ՀՕՄ-ի տեղական մասնաճյուղի նախագահ Միգանուշ Մելքոնյանի խոսքով, նվիրաբերված միջոցները կօգնեն վճարել Գլենդելի բնակիչներին մատուցվող հոգեկան առողջության պահպանման ծառայությունների համար: Նա երախտագիտություն է հայտնել հիվանդանոցին նվիրատվության եւ Հայոց ցեղասպանության հիշատակման լրացուցիչ ջանքերի համար:



