ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվում հանդիպել են Իլհամ Ալիևի հետ
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 11-ին ընդունել է ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին, Իգոր Պոպովին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։
Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին տեղեկացնում է նախագահ Ալիևի մամուլի ծառայությունը։
Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն ԱՊԱ գործակալությանը հայտնել էր, որ այս շաբաթվա ընթացքում համանախագահները կայցելեն Ադրբեջան: Նա նշել էր, որ այցի շրջանակում նախատեսվում է հանդիպումներ անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Պոպովը նշել էր, որ Հայաստան այցը նախատեսված է այլ ժամանակ:
Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը բանակցություններ են անցկացրել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հիմնական խնդիրները՝ այդ թվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:



